Պորտուգալիայի կառավարությունն առանձնացրել է կարանտինային սահմանափակումներից զերծ ծովափերի ցանկ, որոնց հյուրանոցներն արագորեն լցվում են մարդկանցով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այս երկիր այցելության համար բազմաթիվ պատճառներ կան՝ թե՛ սննդի, թե՛ պատմության, թե՛ ակտիվ հանգտսի և թե՛ մշակույթի սիրահարների համար։
Ստորև ներկայացնում ենք պարբերականի կողմից առանձնացված հանգստի և ժամանցի տարբերակները․
Դրսում հրաշալի է
Պորտուգալիան երկիր է, որը ստեղծված է դրսում ժամանակ անցկացնելու համար, սակայն ունի ընդամենը մեկ ազգային պարկ՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Փենեդա Գերեսում։
«Քայլել մինչև 10 կիլոմետր, լողալ ժայռերի ավազաններում և գետերում, հետևել վայրի ձիերին և գայլերին։ Յուրաքանչյուր գիշեր քնել տարբեր վայրում՝ գյուղական տնից մինչև 12-րդ դարի վանական համալիր՝ ուղեբեռդ քեզանից առաջ այնտեղ ուղարկելով», - գրում է պարբերականը՝ նկարագրելով բնության գրկում հանգիստը Պորտուգալիայում։
Արկածային բարձրություն
Այստեղ պարբերականն անդրադարձ է կատարել Պաիվա գետի վրայով անցնող «Արուքա 516» կախովի կամրջին, որը ձգվում է 516 մետր երկարությամբ և այստեղից կարելի է տեսնել Ագուեյրաս ջրվեժն ու Արուքա պարկը։ Այն գտնվում է գետից 175 մետր բարձրության վրա։ Պարբերականը նշում է նաև ժամանցի տարբերակները կախովի կամուրջի մոտակայքում։
Հեծանվարշավ դեպի աշխարհի ծայրը
Մայրացամաքային Եվրոպայի ծայրագույն կետը գտնվում է Քաբո դա Ռոքայում, որտեղ փարոս կա։ Օբիդոսից դեպի այստեղ 5-օրյա հեծանվարշավային ճանապարհ է, որն անցնելիս կարելի է նկատել ձկնորսների տնակներ և ծովափնյա ռեստորաններ։
Ալեվարում (սերֆինգ) հրեշների հետ
«Եթե ցանկանում եք ալեվարել մոռացեք Կոռնոուլը և շարժվեք դեպի Պորտուգալիայի ափեր, որտեղ երբևէ նվաճված ամենամեծ ալիքը եղել է 24 մետր բարձրությամբ՝ 2017 թվականին բրազիլացի Ռոդրիգո Կոքսայի կողմից։ Այստեղ գործում է մարզական հյուրանոց, որտեղ ալեվարման դասեր են անցկացվում։
Գինու խցանում
«Հաջորդ անգամ փրփրուն գինին բացելիս հիշեք, որ աշխարհում խցանափայտի կեսից ավելին գալիս է Պորտուգալիայից», - գրել է Daily Mail-ը` անդրադառնալով Ալենտեխոյի շրջանին և նշել, որ այս ամենը կարելի է ուսումնասիրել 10-օրյա արձակուրդի ընթացքում՝ 2 գիշեր անցկացնելով Casas Do Rioa Sado կալվածքում, որը շրջապատված է խցանափայտի անտառներով։ Ուղևորության ընթացքում այցելուները կարող են իրենց սեփական գինու շիշը պատրաստել։
Մասնակցել արքայական շրջայցերի
Պորտուգալիան պնդում է, որ Եվրոպայի ամենահին ազգային պետությունն է, որի սահմանները 12-րդ դարից ի վեր հիմնական փոփոխության չեն ենթարկվել։ Երկրի առաջին մայրաքաղաքը Գիմարայնշն է, որը առաջին արքա Աֆոնսու Էնրիկես I-ի ծննդավայրն է (ծնվ․ 1110 թվական)։
Ընթերցանություն
Այստեղ պարբերականն առանձնացրել է այժմ գործող գրախանութներից աշխարհում ամենահինին, որը հիմնադրվել է 1732 թվականին և կոչվում է Livraria Bertrand։ Այստեղ է գտնվում նաև ամենափոքր գրախանութներից մեկը, որը մոտ 3 մետր քառակուսի։
Այցելություն խճանկարների քաղաք
Երկրի երկրորդ մայրաքաղաք Կոիմբրայում է գտնվում աշխարհի ամենահին համալսարաններից մեկը, որը թվագրվում է 1290 թվականին։ Մայրաքաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ գտնվում էն Կոնիմբրիգան՝ հին հռոմեական քաղաք, որտեղ գտնվում են Եվրոպայում ամենալավ պահպանված խճանկարները։
Բացահայտել «007» ֆիլմի խաղատունը
«Ջեյմս Բոնդ»-ի երկրպագուները նախընտրությունը պետք է որ տան Palacio Estoril հյուրանոցին, որտեղ 1947 թվականին մնացել է հեղինակ Յան Ֆլեմինգը։ Հենց հյուրանոցին կից Estoril խաղատունն էլ ոգեշնչում է եղել իր առաջին գրքի՝ Casino Royale-ի համար։
Խաղալ խորհրդանշական ոսկե անցքերում
Ալգարվում է գտնվում մինի գոլֆի խաղադաշտերից մեկը, որտեղ նախ պետք է դասընթաց անցնել, որից հետո կարելի է խաղալ։
Քայլել սպիտակ արագիլների հետ
Կոստա Վիսենտինայում սպիտակ արագիլներն ամեն տարի բույն են հյուսում, ինչը կարելի է տեսնել քայլարշավի վերջում՝ Ալենտեջո շրջանում։
Խաղող տրորել Դուերոյում
Դուերո գյուղը գինու արտադրությամբ զբաղվող հազվագյուտ տաածքներից է, որտեղ խաղողը դեռևս ճզմվում է ոտքով տրորելու միջոցով։
«Փիրի Փիրի հավ»
Վերջում պարբերականն անդրադարձ է կատարել հավի խորովածի մի տարբերակի, որի շնորհիվ Գուիա քաղաքը շատ հայտնի է դարձել և ինքն իրեն հռչակել խորոված հավի մայրաքաղաք։ Բաղադրատոմսը կազմել է ռեստորանի փեփականատեր Խոսե Կառլոս Ռամիրեսը։
Ամռանն այստեղ նույնիսկ «Փիրի Փիրի» փառատոն է անցկացվում։