Այս տարի ապրիլի 21 -ին իր ծննդյան 94-րդ տարեդարձն նշեց Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, որը համարվում է աշխարհի ամենաերկար կառավարող միապետը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ծննդյան տարեդարձն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով չի նշի ավանդական արքայական հրացանազարկերով։ Բուքիգհեմյան պալատը հաստատել է նաև, որ հունիսի կեսերին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ավանդական ծննդյան արարողությունը, տեղի չի ունենա:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, թագավորական ընտանիքը պլանավորում է այս տարի Zoom հավելվածի միջոցով շնորհավորել Էլիզաբեթ 2-րդի տարեդարձը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ «օգնականները պլանավորում էին տեսազանգեր կազմակերպել՝ թագուհու երեխաներին, թոռներին և ծոռներին հնարավորություն տալով շնորհավորել Նորին Մեծությանը ծննդյան օրվա առթիվ»։
ArmVoice.am -ը, օգտվելով արխիվային նյութերից, ներկայացնում է Էլիզաբեթ 2-րդի կյանքի ուղին, հետաքրքիր պահերն ու թագուհու մասին ոչ բոլորին հայտնի փաստերը։
Թագուհին ծնվել է 1926թ.՝ ստանալով Էլիզաբեթ Ալեքսանդրա Մարիա բարդ անունը՝ չնայած որ փոքրիկին ի սկզբանե ցանկանում էին Վիկտորիա անվանակոչել՝ ի պատիվ հանրահայտ տատի:
Փոքրիկ արքայադուստրը չէր էլ կարող երազել գահը ստանձնելու մասին. նրա հայրը թագավորի փոքր որդին էր, ուստի՝ գահաժառանգների թվում Էլիզաբեթը միայն 3-րդն էր՝ հորեղբորից ու հորից հետո: Իսկ դա նշանակում էր, որ արքայադուստրը կարող էր մի ամբողջ կյանք սպասել:
Սակայն արքայադստեր ճակատագիրը փոխեց սերը. նրա հորեղբայրը՝ արքայազն Էդուարդը, չսպասելով թագադրման պաշտոնական արարողությանը, պատմական որոշում կայացրեց. հրաժարվեց գահից՝ նախընտրելով ամուսնանալ ամուսնալուծված և արիստոկրատիայի հետ որևէ կապ չունեցող սովորական կնոջ հետ: Արդյունքում գահը ստանձնեց Էլիզաբեթ 2-րդի հայրը՝ Գեորգ 6-րդը, որի մահից հետո թագադրվեց դուստրը:
Երկրորդ աշխարհամարտի սկսվելուն պես Էլիզաբեթը որոշեց որպես բուժքույր մեկնել ռազմաճակատ, սակայն հայրն արգելեց՝ պատճառաբանելով, որ թագաժառանգը չպետք է վտանգի կյանքը: Հոր դիրքորոշումն ընդունելով՝ ապագա թագուհին հավաքագրվեց թագավորական զինուժի կանանց օգնիչ զորամասերում, որտեղ ստացավ բեռնատարի վարորդի որակավորում ու պատերազմի ավարտին արժանացավ կրտսեր հրամանատարի կոչման:
Իր ապագա ամուսնուն թագուհին հանդիպել է 8 տարեկանում: Ֆիլիպը՝ հույն արքայազնի որդին, ստիպված էր շատ փոքր տարիքում լքել հայրենիքը՝ Հունաստանից դեպի Անգլիա ընկած ճանապարհն անցնելով նարնջի արկղի մեջ:
Էլիզաբեթի հայրը դեմ էր, որ Մեծ Բրիտանիայի ապագա միապետն ամուսնանա աղքատ արիստոկրատի հետ, սակայն Էլիզաբեթի կուռ կամքը հաղթեց: Ասում են նույնիսկ, որ Էլիզաբեթն անձամբ է առաջարկություն արել Ֆիլիպին, իսկ հետո էլ համոզել է հորը համաձայնություն տալ իրենց ամուսնությանը:
Իր առաջնեկին՝ արքայազն Չարլզին, թագուհին լույս աշխարհ է բերել նախքան գահը ստանձնելը: Այնուհետև թագուհին և Ֆիլիպը ևս 3 անգամ վայելել են ծնող դառնալու բերկրանքը։
Հարսանեկան զգեստի էսքիզները
Թագավորական զույգը ստացել է 2500-ից ավելի նվեր և 10 000 շնորհավորական բացիկ ամբողջ աշխարհից։
Էլիզաբեթ 2-րդը թագադրվել է, երբ ընդամենը 27 տարեկան էր։ Թագադրումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ՝ հակառակ նրա ցանկության։ Էլիզաբեթ 2-րդը գահակալության առաջին մի քանի տարիներին խուսափել է տեսախցիկների առջև հայտնվելուց, և նույնիսկ դեմ է եղել, որ իր թագադրման արարողությունը հեռարձակվի հեռուստատեսությամբ, ինչը, թագավորական տան անդամների կարծիքով, կփլուզեր բարձրագույն դասի ավանդույթները։ Ի վերջո, որոշում է կայացվել հեռարձակել թագադրման արարողությունը՝ տեսախցիկը թագուհու դեմքին մոտ չպահելու պայմանով։
1981 թվականին, երբ թագուհին ձիով Բուքինգհեմյան պալատի ծառուղում գլխավորում էր թագավորական երթը, կրակոցներ են հնչում նրա ուղղությամբ։ 17-ամյա Մարկուս Սարջենտը, որը տարված էր այնպիսի հայտնի մարդկանց սպանություններով, ինչպիսիք են՝ Ջոն Լենոնը և Ջոն Քենեդին, իր օրագրում գրել էր․ «Ես պատրաստվում եմ ապշեցնել ամբողջ աշխարհն ընդամենը մի զենքով»։ Բարեբախտաբար նրա փամփուշտները չեն դիպել թագուհուն։ Երիտասարդը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվել 1984 թվականի հոկտեմբերին։
2012-ին Էլիզաբեթ 2-րդ թագուհին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակի նկարահանումներին։ Դրանում Ջեյմս Բոնդը (Դենիել Քրեյգ) նրա հետևից գնում է Բուքինգհեմյան պալատ, և նրանք միասին ուղղաթիռով ուղևորվում են խաղերի բացման արարողությանը: Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի դերձակ Անջելա Քելլին բացահայտել է, որ «ընդամենը 5 րոպե» է պահանջվել, որպեսզի համոզի թագուհուն ընդունել ռեժիսոր Դենի Բոյլի խնդրանքն ու իր մասնակցությունն ունենալ 2012 թվականի Օլիմպիական խաղերին նվիրված հոլովակի պատրաստմանը։
Էլիզաբեթ 2-րդն իր ծննդյան օրը երկու անգամ է նշում։ Թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, սակայն ապրիլը չափազանց ցուրտ և մռայլ ամիս է, ուստի նրա պաշտոնական պետական ծննդյան օրը նշվում է մայիսի վերջին կամ հունիսին։ Կոնկրետ ամսաթիվ չկա, այն տարեցտարի փոփոխվում է և սովորաբար համընկնում է Trooping the Colour ամենամյա ռազմական մրցույթի հետ։
Էլիզաբեթ 2-րդը սիրում է ինքնուրույն շպարվել։ Թվում է, թե լինելով Մեծ Բրիտանիայի ամենակարևոր դեմքը՝ Էլիզաբեթ 2-րդին պետք է շպարեին պրոֆեսիոնալ դիմահարդարները, սակայն պարզվում է՝ թագուհին սիրում է ինքնուրույն շպարվել։
Էլիզաբեթ 2-րդը տարվա մեջ դիմահարդարի կողմից շպարվում է միայն մեկ անգամ՝ հեռուստատեսությամբ ամանորյա ուղերձի ժամանակ:
Էլիզաբեթ 2-րդը սիրում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել։ Թագուհու զարմուհին՝ Մարգարեթ Ռոդսը, պատմել է խմիչքի նկատմամբ Նորին Մեծության սովորությունների մասին:
«Ճաշից առաջ նա ջին է խմում մի կտոր կիտրոնով և մեծ քանակությամբ սառույցով: Նա գինի է խմում ընթրիքի համար, իսկ երեկոյան՝ չոր մարտինի և մեկ բաժակ շամպայն»,- հայտնել է նա։