Սաուդյան Արաբիայի «Տայմա» օազիսում 4000-ամյա պատմություն ունեցող խորհրդավոր երկրաբանական կոթող է գտնվում: Խոսքը մեջտեղից հավասարաչափ բաժանված ժայռակտորի մասին է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, «Ալ Նասլա» անունով հայտնի ժայռաբեկորը կազմված է երկու մեծ ավազաքարից, որոնք հենված են բավականին փոքր չափս ունեցող բնական պատվանդանների վրա: Անհավանական ճշգրտությամբ երկու մասի բաժանված քարը թույլ է տալիս շատերին կարծիք հայտնել, որ հնագույն քաղաքակրթությունները շատ ավելի զարգացած են եղել, քան պատմությունը ցույց է տալիս:
Առաջին հայացքից թվում է, թե քարի հսկայական կտորը պարզապես կիսվել է հզոր լազերային սարքի միջոցով: Այն միակն է օազիսի տարածքում, որը նման եզակի տեսք ունի:
Երկրաբաններից շատերը կարծում են, որ քարի հսկա կտորի հավասար բաժանումն ամբողջովին բնական երևույթի՝ տեկտոնական շարժման արդյունք է: Երկիրը թեթևակի ցնցման է ենթարկվել, ինչը, սակայն, բավական է եղել ժայռը մեջտեղից կիսելու համար: