Կորոնավիրուսի դելտա տարբերակը հեշտությամբ կարող է փոխանցվել պատվաստված մարդկանցից իրենց տնային կոնտակտներին, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրությունը։ Դելտա տարբերակը կարող է տարածվել նույնիսկ պատվաստված բնակչության շրջանում։
Հետազոտողները պարզել են, որ պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի արագ է անցել, սակայն վիրուսային բեռի գագաթնակետը մնացել է նույնը, ինչ չպատվաստվածների մոտ: «COVID-19-ով վարակված մարդկանց հետ շփվող մարդկանց բազմակի եւ հաճախակի նմուշառման միջոցով մենք պարզել ենք, որ պատվաստված մարդիկ կարող են վարակվել եւ վարակ փոխանցել տնային տնտեսությունների ներսում, ներառյալ պատվաստված ընտանիքի անդամներին»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, բժիշկ Անիկա Սինգանայագամը:
«Մեր արդյունքները կարեւոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչու է դելա տարբերակը շարունակում մեծ թվով COVID-19 դեպքերի պատճառ դառնալ ամբողջ աշխարհում՝ նույնիսկ պատվաստումների բարձր մակարդակ ունեցող երկրներում»:
Համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնն էլ ասում է, որ դելտայի փոխանցումը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան դժվար թե հասնի երկարատեւ «հավաքական իմունիտետի»: «Դա կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում. եթե համաճարակի փոխանցման ներկայիս մակարդակը հասնի գագաթնակետին, ապա սկսի նվազել»,-ասել է նա՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում իմունիտետը թուլանում է։