Նոր խիստ սահմանափակումներ


Նոր խիստ սահմանափակումներ
Հոկտեմբեր 29 09:50 2021

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-ից արգելվում է ժամը 23:00-ից հետո ռեստորանների և կինոթատրոնների աշխատանքը.

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 8-ից գիշերային ժամերին ժամանակավոր արգելք կգործի հասարակական սննդի օբյեկտների, կրկեսների, կինոթատրոնների աշխատանքի վրա։ Կորոնավիրուսի տարածմանը հակազդելու լրացուցիչ սահմանափակումների մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Նոյեմբերի 8-ից գործելու են հետևյալ սահմանափակումները. հասարակական սննդի հաստատություններին, կրկեսներին, համերգասրահներին և ֆիլմերի հանրային ցուցադրություն իրականացնող կազմակերպություններին, կատարողական արվեստի այլ կազմակերպություններին, զվարճանքի և ժամանցի օբյեկտներին, ակվապարկերին,  կենդանաբանական այգիներին, սահադաշտերին և ատրակցիոններին թույլատրվում է աշխատել միայն մինչև ժամը 23:00-ն: Այդ կազմակերպությունների գիշերային ժամերին աշխատանքն արգելված է»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Քաղաքը նաև արգելում է գիշերային մշակութային և սպորտային միջոցառումները։

«Մինչև ժամը 23.00-ն թույլատրվում է սպորտային, մշակութային, ժամանցային, համագումարային և ցուցահանդեսային, հանդիսավոր, ժամանցի և այլ միջոցառումների անցկացումը՝ նախապես սահմանված պահանջների, այդ թվում՝ միջոցառումների մասնակիցների սահմանափակումների պահպանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։