19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրք-թաթարական խմբերի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանություններն ու արյունալի իրադարձությունները հայտնի են բոլորին։ Իհարկե, այդ ամենն արվում էր միջազգային հանրության, դեսպանների աչքի առաջ։ Այդ իրադարձությունների մասին փաստերը, տեղեկությունները, ինչպես նաև միջազգային և տեղական մամուլի անդրադարձը շատ է։
Պետք է ընդգծել, որ սակավ տեղեկություններ կան հատկապես 1918 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի մասին։ Այդ շրջանում հիմնականում թուրք-ադրբեջանաթաթարական հրոսակների կողմից իրականացվում էին փոքր սպանություններ, որոնց թիվն ահռելի է։ Դա են վկայում այդ շրջանի թերթերն ու ամսագրերը, որոնցում կան բազմաթիվ հոդվածներ և լուսանկարներ՝ հայկական և ոչ հայկական բնակավայրերում հայերի դեմ իրականացված դաժան սպանությունների ու բռնությունների մասին։ Հատկանշական է, որ ծանոթանալով մամուլում լույս տեսած նյութերին, ականատեսներն ու հրաշքով փրկվածները պատմելով հստակ ընդգծում էին, որ իրենք բռնության էին ենթարկվում բացառապես այն բանի համար, որ ազգությամբ հայ էին։ Նմանատիպ դաժան պատմության հանդիպում ենք Բաքվում լույս տեսած «Մեր օրեր» թերթի 1918 թվականի համարներից մեկում.
«Հաջիքաբուլի սարսափներից
Յունւարի 2-ին Բագուի Ազգային Խորհուրդն եկաւ Գանձակի գաւառի Կավալեօվկա գիւղացի բնակիչ Սարգիս Մովսեսիան Գրիգորեանցը, որ ճանապարհւել էր Գանձակի կայարանից դէպի Բագու, և արաւ հետևեալ պատմութիւնը, որը իր անպաճոյճ հաստատակամութեամբ տպագրում ենք։
25-ին դեկտեմբերի 1918 թիւ Հաջիքաբուլ կայարանում մտաւ վագօն մի թուրք սպայ երեք ասկերի հետ և հարցրեց, թէ այստեղ հայ կայ։ Թուրքերը ցոյց տւեցին ինձ վրայ, սպան պատւիրեց իրերս վերցնել և վագօնից դուրս եկայ կամենդանտի հրամանով։ Երբ որ ես վագօնից դուրս եկայ բացի ինձնից կային 5-6 հոգի հայեր, որոնց նոյնպես դուրս էին բերել վագօնից։ Քիչ յետոյ մի քանի հոգի էլ աւելացան, բոլորը հայեր։ Սպաները մեզ հրամայեցին որքան որ դրամ ունենք, տանք իրենց պահ, ասելով, որ ասկերները մեզնից կը խլեն։ Ինձանից առաւ 1200 ր., մէկ ուրիշից 1400 ր., երրորդից 700 ր., միւսներից չգիտեմ որքան։ Դրանից յետոյ մեզ պատուիրեցին մեր բոլոր իրերը վերցնել, տանել բուֆէտ, պահ տալու համար, ասելով որ առաւօտը յետ կստանանք։ Ես ունէի 2 և կէս վեդրո գինի, որը բերում էի Գանձակից, 2 փ. սոխ, 10 ֆունտ թխած հաց։
Դրանից յետոյ մեզ ասացին, թէ եկէք ձեզ պէտք է տանենք տաք սենեակ, մենք կասկածեցինք իմանալով, թէ ինչու էին ուզում տանել, խնդրեցինք թողնել մեզ բուֆէտում։ Մեզ ոյժով դուրս տարաւ կայարանից։ Քիչ հեռու 15-20 քայլի վրայ մի մութ տեղ և մեզ շարքով կանգնեցրին։ Երբ մեզ կայարանից հեռացնում էին, մեզանից իւրաքանչիւրի յետևից ասկեր էր գալիս, այն րոպէին, երբ մենք նրանց հրամանի համաձայն կանգնեցինք, հրացանները արձակւեցին։ Գնդակը ինձ չկպաւ, ես փախայ և փախչելիս լսում էի վիրաւորւածների և մեռնողների աղաղակը։
Ես բոլոր սպաներին կարող եմ ճանաչել։ Մեզ մինչև ժամուկէս պահեցին թուրք սպաները իրար հետ խօսելուց մէկին անւանում էին Սպանդիար էփենդի, հաստ, երկար հասակ և թուխ տղամարդ էր, միւս անւանում էին Սուլեյման էփէնդի, կարճահասակ, նիհար և սիրունատէս տղայ էր, երրորդի անունը մոռացել եմ, բայց կերպարանքը լաւ յիշում եմ, երկար և նիհար մարդ էր առաջին ատամները ոսկուց շինած։ Բուֆէտչիկը նոյնպէս նրանց բոլորին ճանաչում է։
Սպանութիւնից յետոյ ես մթութիւնից օգտուելով փախայ դէպի Մարազա գիւղը։ Եօթ օրից յետոյ կարողացայ գալ Բագու։ Հաջիքաբուլում, երբ որ թուրքերը մեզ ուզում էին տանել, խնդրեցինք որ մեզ ազատեն, старший унтер офицер-ը պատասխանեց` ես ձեր հաւատը….ես ձեզ պէսների հարիւրների գլուխ եմ կտրել, հիմայ դուք ուզում էք իմ ձեռքից ազատւել։ Այս բոլորը հաստատում եմ և օֆիցերներին կարող եմ ճանաչել։
Վկաներ` Ջ. Գիշեմեանց, Դալաքեանց, Ս. Այվազեանց։
Սարգիս Գրիգորեանց»։ («Մեր օրեր» թերթ, Բաքու, 1918 թվական, N 1)։
Սա հայերի դեմ իրականացված ողբերգական դեպքերից ընդամենը մեկն է։ Իսկ իրականում այս թվականների մամուլը լի է նմանատիպ հոդվածներով։ Սա, հետագա տարիներին, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ թուրքերի հետ խաղաղ ապրելն ուղղակի աբսուրդային տերմին է, որը ծիծաղ է առաջացնում ցանկացած խելացի, գիտակից ու բանիմաց մարդու մոտ։ Թուրքական նպատակներն ու այդ նպատակների իրականացման ձեռագրերը էականորեն չեն փոխվել։ Պարզապես մի փոքր փոխվել ենք մենք։ Ժամանակակից հայ մարդը կորցրել է իրադարձությունները սթափ դատելու և տեսնելու կարողությունը։