Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանսթն ու Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանցիներ Ռիչարդ Բրենսոնն ու Սայման Քաուելը, ռեփեր Սնուփ Դոգը և այլք 2018 թվականին աստղ կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Հայտնիների այդ ցուցակը հրապարակել է Հոլիվուդի առևտրային պալատը։
«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք յուրաքանչյուր հավակնորդի և կարծում ենք, որ մեզ հաջողվել է ընտրել տաղանդների խումբ, ովքեր ներգործում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,-հայտարարել է կոմիտեի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան։ Նա վստահություն է հայտնել, որ աստղեր ստացողները հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության բաղկացուցիչ մաս դառնալու հնարավորությամբ։
Փառքի ծառուղին գտնվում է Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում։ Դրա ստեղծման գաղափարը ծնվել է 1953 թվականին, առաջին աստղը պատկանում է Փրեսթոն Ֆոսթերին։