Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան


Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան
Հոկտեմբեր 18 13:40 2021

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հելեն Սանդ Անդրեդենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական հարաբերությունների առավել ամրապնդմանը և օրակարգի առավել ընդլայնմանը:

«Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Դեսպան Անդրեսենը տեղեկացրեց, որ «Team Europe» նախաձեռնության շրջանակներում Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։