Գեղամ եւ Նուշիկ Ղազարյանները 44-օրյա պատերազմում կորցրել են իրենց երկու որդուն՝ 19-ամյա Սամվելին ու 18-ամյա Նարեկին։ Այսօր Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ եղբայրների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը։ Միջոցառմանը հրավիրված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները, Էջմիածնի քաղաքապետը։
Սամվելը մեկ տարվա ծառայող էր, երբ փոքր եղբայրը զորակոչվել է բանակ եւ, իր դիմումի համաձայն, ծառայութան անցել Արցախում՝ եղբոր մոտ։ Սամվելն ու Նարեկը մի քանի օր են հասցրել իրար հետ ծառայել, երբ Սամվելին բարձրացրել են դիրքեր, ու կարճ ժամանակ անց պատերազմը սկսվել է։
Ծնողները տղաների հետ վերջին անգամ կապ են ունեցել հոկտեմբերի 5-ին եւ հոկտեմբերի 12-ին։ Նարեկը ծնողներին ասել է, որ իրեն ապահով վայր են տեղափոխում, հնարավոր է՝ ուշ զանգի նրանց, չանհանգստանան իր համար։ Ըստ տեղեկությունների՝ Նարեկն ու իր յոթ ընկերները հետախուզական գործողությունների ժամանակ վիրավորվել են, նահանջել ու պատսպարվել Հադրութի Վանք գյուղում, բայց տղաներին այդպես էլ օգնության չեն հասել։
Սամվելն էլ մարտական խնդիրն իրականացնելու ժամանակ զոհվել է արկի պայթյունից։
Նարեկի աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին, նա հուղարկավորվել էր հենց Վանք գյուղում, իսկ Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում, որտեղ զոհված զինծառայողների աճյունները հատակին էին հայտնաբերել։
Սամվելը հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ, Նարեկը՝ «Մարտական ծառայություն» եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։