«Եթե նորից կռիվ սկսվի, գնալու եմ՝ ախպերներիս գործն ավարտին հասցնեմ». պատերազմը՝ 20-ամյա Թորգոմ Գեւորգյանի աչքերով


«Եթե նորից կռիվ սկսվի, գնալու եմ՝ ախպերներիս գործն ավարտին հասցնեմ». պատերազմը՝ 20-ամյա Թորգոմ Գեւորգյանի աչքերով
Հոկտեմբեր 10 18:13 2021



20-ամյա Թորգոմ Գեւորգյանը պատերազմի ժամանակ է որոշել, որ բժիշկ է դառնալու, զորացրվել է ու միանգամից փոխել մասնագիտությունը։

Ասում է՝ պատերազմի ժամանակ է հասկացել՝ եթե բժիշկ լիներ, ապա կկարողանար փրկել ընկերներին։ Սկզբում ծառայության է անցել Քանաքեռի կապի ուսումնական գումարտակում։ Կապի ջոկատի հրամանատարի որակավորում ստանալով՝ տեղափոխվել է Ջաբրայիլ։

Թորգոմը 10 ամիս էր ծառայում Ջաբրայիլում, երբ աղետալի պատերազմը սկսվեց։ Հիշում է՝ վերջին շրջանում հաճախ էր տագնապով դիրքեր բարձրանում, զինծառայողների համար արդեն սովորական էր դարձել.

«Հերթական անգամ էլի հելնում ենք պոստեր ու չէինք պատկերացնում, որ կռիվ է սկսելու։ Սեպտեմբերի 25-ին ենք պոստեր հելել։ 27-ի առավոտյան հելել ենք, մեր հիգիենայով ենք զբաղվել, հաց ենք կերել, ժամը 7-ին իմ դիտակետի ժամն էր, կռվի սկսելուն պես ես դիտակետում եմ եղել։ Տեսա դիտակետից, որ ամբողջ Ջաբրայիլի երկայնքը հրետակոծում են։ Անցել է 15-20 րոպե, չէի կարողանում կապի հելնեի, քանի որ հրետանու հարվածից արդեն մեր կապը վնասվել էր։ Կարճ ժամանակում կարողացա կապի հելնեմ հրամանատարիս հետ»։

Մի քանի օր պայքարելուց հետո նահանջի հրաման են ստացել իրենց դիրքերից, պետք էր դիվիզիոնի հրամանատարի դիտակետ հասնեին, իսկ զինծառայողները հետնաուղին չգիտեին.

«Այդ իրիկուն հրամանատարս իրենց դիտակետից բարձր խոսել էր ու ձայնը մեջս տպավորվել էր։ Հենց այդ ժամանակ չգիտեինք՝ ոնց հետ գնանք, որ ողջ մնանք, ու հենց այդ ձայնի ուղղությամբ գնացինք։ Իմ անմիջական հրամանատարին ասացի՝ արի էս կողմով գնանք, երեկ ես լսել եմ իր ձայնը, գնացել ենք հենց այդ ուղղությամբ ու դուրս ենք եկել այդ հետնաուղին։ Այդ ժամանակ հրետանին 40 մետրի վրա մեր վրա էր աշխատում։ Մեր կողքով զրահապատ տեխնիկաներն անցնում էին, բախտներս բերեց, որ մեզ չտեսան»։

Պատերազմում Թորգոմը մի քանի անգամ հրաշքով է ողջ մնացել, պատմում է, որ մի անգամ ողջ է մնացել իր զենքի շնորհիվ, մյուսը՝ ընկերոջ եւ այդպես շարունակ. «Հակառակորդի փամփուշտը հենց զենքիս էր կպել, զենքս մի քանի մետր ռակաշետ արեց, ինձ չկորցրի, միանգամից զենքս վերցրի ու շարժվեցի։ Մեր խնդիրը շարունակել ենք՝ առանց կանգնելու, մեր խնդիրը մենք լիարժեք ենք կատարել։

Երկուսով խրամատի մեջ քնած էինք, միանգամից հելնում ու ասում է՝ Թորգոմ, երազ եմ տեսել, արի ստեղից դուրս գանք, գնանք ուրիշ տեղ։ Հենց դուրս ենք եկել, երեւի 1 րոպե չի քաշել ու հենց մեր պառկած տեղը հրետակոծում են արել»։

Տղաները եւս մի քանի օր կռիվ տալուց հետո Հադրութում են հասել։ Ասում է՝ Հադրութում ավելի դժվար էր կռվելը. «Այնտեղ տեղանքն ավելի նպաստավոր էր, այսինքն՝ բաց տարածք էր, ու կարողանում էիր տեսնել թշնամուն, բայց Հադրութում հիմնականը անտառներ էին»։

Թորգոմը պատմում է, որ սկզբի օրերին հավասարը հավասարին պայքար էր ընթանում. «Անգամ իրենց կողմից դիրքեր էլ ենք գրավել, հետո արդեն նահանջը նահանջի հետեւից, արդեն պատկերացնում էինք, որ զոհերը շատ են, համալրում չկար, երեւի դա էր պատճառը, որ հետ նահանջը հետ նահանջի հետեւից էինք անում։

Ճիշտ ա, նահանջը նահանջի հետեւից էր գնում, բայց ամեն րոպե մտածում էինք, որ հեսա հետ ենք գնալու ու մինչեւ Ջաբրայիլի առաջին կետը հետ ենք վերցնելու ու ամեն ինչ լավ է լինելու»։

Պատերազմի ավարտից հետո էլ Թորգոմը շարունակել է ծառայությունն Արցախում, վերջերս է զորացրվել. նորից սովորում է ապրել քաղաքացիական կյանքով. «Անընդհատ աչքիս դեմն ա գալիս։ Կռվի ժամանակ շատ ընկերներ կորցրի բայց գիտակցում եմ՝ ինչի համար են իրենք զոհվել»։

«Եռաբլուր» եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը 2 անգամ այցելում է. հրամանատարներ ու ընկերներ ունի այնտեղ. «Ամեն անգամ մտնելիս մեծ ցավ եմ ապրում, բայց հասկանում եմ այն տղերքը, մեր ընկերները, մեր ախպերները որոնք զոհվել են՝ ինչի համար են զոհվել՝ մեր հողի, մեր հայրենիքի, մեր սրբությունների համար։

 

Եթե նորից սկսվի կռիվը գնալու եմ ու իմ ընկերների գործը շարունակելու եմ»։