Բի-Բի-Սի գործակալությունը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի մասին: Նշվում է, որ լրագրողները պատերազմի ժամանակ եղել են Շուշիում: Այժմ նրանք կրկին վերադարձել են այնտեղ՝ պարզելու, թե ինչպես է ապրում քաղաքը: «2020 թվականի նոյեմբերին՝ Շուշիի գրավումից հետո, ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Զինվորականների համար սա կարևորագույն բարձունք է: Քաղաքագետների համար՝ պատմական կենտրոն: Իսկ քաղաքացիների համար՝ հարազատ տուն, որը կործանեց պատերազմը»,- նշում է լրատվականը: «Ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս տարածքները՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, Շուշին ևս վերահսկվում է զինվորականների կողմից: Դեռ վերջերս այս տարածքը եղել է ռազմական գործողությունների վայր: Այստեղ կարող են լինել ականներ, այդ պատճառով մուտքը խստացված է: Անցաթուղթ ստանալը շատ բարդ է: Այստեղ են գալիս միայն կազմակերպված խմբերով: Տպավորություն է, որ Շուշին այժմ ուրվական-քաղաք է»,- ասում է Բի-Բի-Սիի լրագրող Օլգա Իվշինան: |
