ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։
ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հետևել են հակահամաճարակային կանոնների (վարորդների ու ուղևորների կողմից դիմակի կրում, մեքենայում ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայություն, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում, գերբեռնված երթևեկության բացառում) պահպանմանը։
35 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 4 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ Նշենք, որ խախտումների դեպքում տուգանվում են ուղևորափոխադրող կազմակերպությունների տնօրենները:
Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կիրականացվի նաև առաջիկա հանգստյան օրերին։