Մաման բաճկոնիս գրպանները դրել էր գլխացավի դեղ ու սանտավիկ: Պատկերացրի՞ր: Պատերազմի մասշտաբները և սանտավիկ. Հայկ Մակիյան


Մաման բաճկոնիս գրպանները դրել էր գլխացավի դեղ ու սանտավիկ: Պատկերացրի՞ր: Պատերազմի մասշտաբները և սանտավիկ. Հայկ Մակիյան
Հուլիս 4 19:00 2021

Երևանյան շոգ կեսօրին, երբ օդում թարմ պահպանվում են պատերազմի մասին հիշողությունները և խաղաղության մասին երազանքները, «Վելվետ» լարային քառյակի անդամ Հայկ Մակիյանի հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք արվեստից, որը կարելի է ամենուր նկատել՝ թե պատերազմի դաշտում՝ գիշերը աստղերը դիտելով, թե նվագում սիրելի ստեղծագործության, թե զրույցում, ինչպիսին մերն էր:

 

Նույնիսկ առօրյայում, վարվեցողության մեջ կա արվեստը

 

Մարդիկ երկար վիճում են արվեստի շուրջ, բայց վեճից առաջ չեն հստակեցնում՝ ինչ են հասկանում արվեստ ասելով: Արվեստն ու մշակույթը նման բաներ են, բայց, միևնույն ժամանակ, ռադիկալ տարբեր բաներ են, այդ պատճառով էլ ամբողջ դիսկուրսը խախտվում է: Մեկ-մեկ լինում է՝ ասում են, որ սա արվեստ չի, սա աղբ է, ու նրանք երևի խա

 

ռնում են մշակույթի հետ: Պետք է հասկանանք, որ արվեստը մի բան է, որն անընդհատ ընթացքի մեջ է, դիսիդենտային է, քննադատող է, վերլուծող է: Դրանից բոլոր դիսկուրսները խառնվում են, չգիտես՝ ինչ խոսաս, ինչպես խոսաս:

 

Ես շատ տարիներ առաջ մատծում էի, որ արվեստով զբաղվելու համար պետք է մտնեմ այդ համայնք, կոպիտ ասած՝ ստանամ լիցենզիա, ավարտեմ բուհ, տես՝ ես նվագում եմ երաժշտական գործիք, ես զբաղվում եմ արվեստով: Երբ ես հեռու էի այդ ոլորտներից, ինձ թվաց՝ ես պետք է գնամ այդ միջավայր, որպեսզի գտնեմ ինքս ինձ, որ ձուկը գնա իր ջուրը, սկսեմ լողալ: Հետո հասկացա, որ ընդհանրապես պետք չի: Նույնիսկ առօրյայում, վարվեցողության մեջ կա արվեստը: Ամենավատ, ամենակրիտիկան պաայմաններում դու կարող ես գտնել դա:

 

Արվսետ բառը, որ ասում են, ինձ համար լավ մարդիկ են, որոնք գուցե արվեստի հետ տարածված ընկալման կապը չունեն, չեն զբաղվում ուղղություններով արվեստի՝ գեղանկարչություն, երաժշտություն, ոչ մի բան չեն անում, բայց իրենց մեջ ավելի շատ արվեստ կա: Պատերազմի օրերին մեր տղերքից մեկը գիշերվա ժամը 3-ին, չգիտես՝ ինչու, գիշերային տեսանելիության սարքը պահեց վերև, աստղերը նայեց, ինձ արթնացրեց, միասին աստղերը նայեցինք: Ապշել էի: Այդ տղան ոչ մի կապ չուներ արվեստի հետ, բայց նկատեց դա, ու տեղը կապ չուներ արվեստի հետ: Այ դա նկատելը արվեստ էր: Շփման մեջ, հարաբերություններում, փողոցում, շուկայում մեկը կարող է մի ժեստ անի, ու դա այնքան սիրուն լինի, ոգեշնչող: Այ դա է արվեստը, մնացածը կարծրատիպեր են: Մարդիկ ամեն ինչի մասին շատ կոնկրետ են խոսում, վստահ: Ես դա իմ դառը փորձից եմ հասկացել, ես սխալվել եմ մտածելով, որ արվեստով զբաղվելու համար պետք է գնաս ինչ-որ միջավայր, համայնք, բոհեմը իրենց մեջ է: Եթե ներքին անհրաժեշտությունը կա ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու, ցանկացած մասնագիտության մեջ, ցանկացած ոլորտում կարող ես դա անել: Ու ինձ համար դա ապրելու ընթացքում է լինում, չես կարող ասել՝ ես հիմա զբաղվում եմ արվեստով:

 

Ինչքան մեծ է աղետը, ինչքան մեծ է ցնցումը, այնքան ուժեղ է քո արտահայտածը

 

Մեծ աղետից, ողբերգությունից հետո նորից քո սիրած գործերը լսել… կարող ես նույնիսկ չնվագել, պարզապես լսել: Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի 2-րդ մասը պատերազմից առաջ ու հետո լրիվ ուրիշ ձև եմ ես լսում: Շատ նոր շերտեր ես հայտնբերում, նոր նրբերանգներ կյանքի, ստեղծագործությունների մեջ:

 

Ցանկացած մեծ աղետից, ողբերգությունից, նույնիսկ ընկերուհուց բաժանվելուց զգացմունքները կրկնապատկվում են, հարյուրապատկվում են, երբեմն հազարապատկվում են, ու այդ ամենը պետք է ինչ-որ տեղից դուրս գա, ինչ-որ տեղից տրաքի, պոռթկա, ու ինչքան մեծ է աղետը, ինչքան մեծ է ցնցումը, այնքան ուժեղ է քո արտահայտածը:

 

Տարոն, սիրուն չի էլի

Ես չեմ սիրում, երբ կան սահմաններ՝ ես արվեստ անողն եմ, նրանք լսարանը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ արվեստն ամեն տեղ է ու մեր ցանկացած ընդունած որոշման, արած քայլի մեջ պետք է սիրունը, ազնիվը, վեհը տանենք: Արվեստն իմ ասած այս բառերի հետ է չէ՞ ասոցացվում առաջինը: Ո՞նց է արվեստն առաջացել. նախնադարյան մարդիկ սարքում էին ինչ-որ բաներ բրոնզից կամ քարից, մի օր որոշեցին, որ դա, որն անում է սա, պետք է բացի սա անելուց լինի նաև մի քիչ սիրում: Բացի անհրաժեշտությունից մարդ նաև այլ պահանջներ ունի: Պարզ բան է. երբ ամեն ինչ կա, բայց ինչ-որ բան պակասում է, կամ ոչինչ չունես, բայց երբ այդ մի բանը լինում է, ամեն ինչ հաղթահարելի է, կամ չհաղթահարելի է, բայց հաճելի է:

 

Պատերազմից հետո, պատերազմից առաջ՝ արվեստ: Ճշգրտելու բաներ են, բայց իմ ընկալումամբ՝ ցանկացած ոլորտում սիրունը, գեղեցիկը, վեհը պետք է լինի: Ամենամեծ չարիքները՝ ատելությունը, կոռուպցիան, ամենավատ բաները, ինչը որ շատ մեծ դոզայով շրջապատում է մեզ հիմա, ամբողջ աշխարհը, կապված է անճաշակության հետ: Ես իմ անձնական փորձառությունից ելնելով կարող եմ ասել՝ ինչու ես չեմ գնում վատ քայլի, որովհետև սիրուն չի, սիրուն չի ուղղակի: Սերժն էր չէ՞ այդպես ասում՝ Տարոն, սիրուն չի: Ֆանտասիկ բան էր ասել: Ճիշտ է՝ մեկն էլ իր արածների մասին պիտի ասեր՝ սիրուն չի, բայց այդ պահին ինչ ճիշտ բան ասաց՝ սիրուն չի, Տարոն, սիրուն չի էլի (ծիծաղում է,- Ա.Գ.): Ցանկացած հարցում պետք է բոլորիս ասենք, եթե ինչ-որ մեկը վատ բան է արել, սիրուն չի էլի, ժողովուրդ: Յուրաքանչյուրն իր հետ առանձին պետք է մնա, որ հասկանա՝ սիրուն չի: Խաբեություն, դավաճանություն, մասշտաբները կապ չունեն՝ հայրենիք, թե սիրած աղջիկ, մարդը, եթե մտածի իր արածի մասին՝ գուցե սիրուն չի, չի անի: Կարող է խոսենք, հասկանանք, որ դա արվեստի պակասից է: Կարո՞ղ է չէ լինի:

 

Մենք ընկերներ ենք ու մենք նաև միասին նվագում ենք, ֆանտաստիկ է

 

Մեր քառյակը մեծ հավակնություններ չունեցող մարդկանց խումբ է, որը ոչ թե միավորվել էր քառյակ դառնալու համար, այլ մենք միավորվել էինք, որից հետո առաջացավ քառյակը: Մեր գաղափարներով, մեր ճաշակներով մենք միավորված ենք եղել: Մենք մոտ ենք, մենք նման ենք մտածում, մենք ընկերներ ենք ու մենք նաև միասին նվագում ենք, ֆանտաստիկ է: Շատ քիչ, բայց եղել են պահեր, երբ մենք նվագից զգացել ենք այդ միությունը, կարող է դա նույնիսկ մի տակտի մեջ է զգացվել, կամ մի ֆրազի մեջ, կոնկրետ ստեղծագործության, բայց երբ զգում ես, հասկանում ես, որ երաժշտություն ստեղծելու, միասին պարապելու բոլոր տարիներն արժեին այդ մի րոպեի համար: Մեծ երջանկություն է, երբ իրար հետ դուք զգում եք միասնությունը սրտի աշխատանքից, արյան հոսքից արագությունից, ու երաժշտության մեջ էլ է զգացվում դա, շատ սիրուն բան է: Էլի, մեծ հաշվով, դա մեզ համար է: Արվեստագետն առաջին հերթին ինքն իր համար է անում, ու եթե շատ լավ բան է, ոնց դու կամ ես կկիսվենք իրար հետ, կապ էլ չունի, մենք ենք արել, թե Տարկովսկին:

 

Արվեստագետներըը չպետք է շատ կենտրոնանան, որ իրենք հիմա արվեստագետ են, իսկ նրանք լսարան են, մենք հիմա կստեղծենք մի բան, դուք կհիանաք: Պետք է անկեղծություն ու Կանդինսկու ասած արտահայտությունը՝ ամեն ինչ պետք է ծնված լինի ներքին անհրաժեշտությունից: Այս արտահայտությունն ամեն ինչ իր տեղն է գցում՝ թե արվեստում, թե արած ցանկացած քայլում:

 

Մահը պատահականություն է՝ կարող է լինի, կարող է չլինի, բայց այդ զգացողությունը քեզ միշտ հետապդնելու է

 

Դավիթը մի քանի օրից գալիս է, ֆանտաստիկ բան է, ընտիր է: Հիմա պոստերում է, շատ ջղայնացա, սիրտս տրաքում է: Ես չեմ ասում՝ Դավիթին իջեցնեն, ուրիշին բարձրացնեն: Դավիթն ինչի միջով ասես չանցավ: Ես գնացել եմ շատ վստահ, գլուխ չեմ գովում, բայց մտածեցի՝ եթե չանեմ, ամբողջ կյանքում ինձ չեմ ների: Ես գնացել եմ այնտեղ, որտեղ ասել են ինձ: Այնպես ստացվեց, որ մինչև վերջ գնացինք, բոլոր պունկտերով անցանք 8 հոգով, բոլոր աշխարհները անցանք: Ես նկարներ ունեմ, շատ վստահ ձևով կիսվում եմ, Դավիթս՝ ոչ մի բառ:

 

Պարզ է, ինչքան էլ ուզեի, չէի կարող իր մոտ գնալ: Մի անգամ զանգեցինք, աբսուրդ էր՝ համ ձայնն էր փոխված, համ զգում ես՝ արդեն ուրիշ մարդու հետ ես խոսում, կատակներ ենք անում պատերազմի թեմայով, զգում էի, որ երկուսս էլ մեծացել ենք:

 

Ամենամեծ ողբերգությունը մեր Դիանայի հետ եղավ: Դիանայի եղբայրը՝ բժիշկ, ազնվագույն հոգի, լավագույն հատկանիշները տղամարդու, հայի, արցախցու, այդ մարդու մեջ էին: Ինքը չպետք է լիներ այնտեղ, կարող էր չլիներ այնտեղ: Ահավոր մեծ ցավ էր: Երբ գնացինք հիվանդանոց, մամաս էլ եկավ, մոտ ենք ընտանիքներով, ընտանեկան մեծ միություն է դարձել: Մամաս շատ ծանր տարավ, աղոթում էր նրա համար, շատ ծանր էր տանում, հետո երբ մահացավ Նարեկը, ես արդեն գնալու գործընթացի մեջ էի, մամային չասացի: Իմ տրագիկոմիկ միտքն այն էր, որ մամային չասեմ, որ հանկարծ չմտածի, որ իր աղոթքները չեն աշխատում: Ստացվեց այնպես, որ մենք վերադարձանք, Դավիթն էլ ողջ առողջ է: Մի քանի օրից կգա, ու ամենակարևորը, մենք մեր նվագը կանենք. դա շատ հուզիչ է, շատ սիրում եմ այդ ամեն ինչը: Կնվագենք հաստատ:

 

Ամենամեծ զգացողությունը հենց այդ օրերին է եղել, պատերազմի ժամանակ, ամեն մի դրվագ շատ մեծ բան է թվում, ողբերգությունը, կոմեդիան կրկնապատվում են: Որ գնացի վայենկոմատ, ճանապարհին տեսա, որ մաման բաճկոնիս գրպանները դրել էր գլխացավի դեղ ու սանտավիկ: Պատկերացրի՞ր: Մասշտաբները և սանտավիկ (ծիծաղում է,- Ա.Գ.): Տնեցիք շատ կարևոր են այդ պարագայում, թե ինչ տիպի ոգեշնչում են քեզ տալիս, հասկանում են, որ չես ների ամբողջ կյանքում քեզ, եթե ընկրկես այդ պահին, քո ճակատագրական պահն է: Մահը պատահականություն է՝ կարող է լինի, կարող է չլինի, բայց այդ զգացողությունը քեզ միշտ հետապդնելու է: Որ եկա, ասացի՝ գնում եմ, մտածում էի՝ պիտի հանգստացնեմ, ասեմ՝ լավ կլինի, մեկ էլ մաման արագ շարժումներ արեց, գնաց, մեկ էլ տեսնեմ արագությամբ իրերն է հավաքում, ասացի՝ վերջ, փրկված եմ: Դա ահավոր մեծ լիցք է տալիս, շատ ուժեղ բան է:

 

Մարդիկ երևի պատկերացնում էին, որ անվտանգության գոտին տաբատիս գոտու չափ գոտի է

Այդ 8 հոգին, շատ սիրուն մարդիկ էին, ոնց գտանք իրար, լրիվ պատահական մարդիկ.մեկը կռազի վարորդ, մեկը ոսկերիչ, մեկը Հայաստանի շախմատի չեմպիոն, պատահական իրար կպնում ենք ու այդ համընդհանուրի մեջ հենվելու տեղ է մնում, գիտես, որ ինչ էլ լինի, մենակ չես:

Ամենամեծ աղետն այդ օրերին չիմացությունն էր, որովհետև դրանից ավելի վատ բան չկա: Երբ դու գիտես՝ շրջափակված ես, հարձակումները այստեղից այնտեղ են, դա ավելի տանելի է, քան եթե չգիտես՝ շրջափակված ես, թե չէ: Անորոշության մեջ ամեն ինչ խախտվում է, ամենավատ հատկանիշները մարդկային բացահայտվում են:

Մի պահ կար, որ գյուղացիները վախենում էին մեզ թողնել գիշերը պատի տակ քնելու, գժվում ես, մտածում ես՝ հո ցնորված չեք: Հետո լսում ես պատմություններ, որ ուրիշները քեզնից առաջ այսպիսի բան են արել, ավելի ես գժվում: Համ հասկանում ես այդ մարդկանց, բայց համ էլ չես կարող հանդուրժել, որ քեզ այդպես են վերաբերվում, որովհետև դու նրանց հետ կապ չունես, դու էլ ես հայ, նրանք էլ են հայ, բայց դա միակ ընդհանրությունն է: Չգիտեմ: Պետք է ամեն ինչի մասին խոսալ: Ամենավատն առաջ այն էր, որ չէինք խոսում: Բոլոր հարցերին պետք է պատասխան տանք, քննարկման առարկա դառնա: Ժողովուրդը նույնիսկ լավ չի պատկերացնում Ղարաբաղը, 7 շրջան, 7 շրջան, դա ո՞րն է, անվտանգության գոտի: Մարդիկ երևի պատկերացնում էին, որ անվտանգության գոտին տաբատիս գոտու չափ գոտի է: Ինձ համար անկհայտ է, որ շատ հարցեր նոր սկսել է հուզել մարդկանց

Անի Գաբուզյան

168.am