Արցախում պատերազմից հետո ՀՀ-ն ծախսել է շուրջ 53 մլրդ դրամ


Արցախում պատերազմից հետո ՀՀ-ն ծախսել է շուրջ 53 մլրդ դրամ
Հուլիս 1 12:36 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որն ուղղված է Արցախին աջակցության միջոցառումների համար հատկացումներ կատարելուն:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս որոշման նպատակը Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։

«8,8 մլրդ դրամ հատկացնել, որից 1,2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը՝ միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը:

Այս տարվա Արցախին հատկացվող միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչ պատերազմը, եւ այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված լրացուցիչ պետական վարկի տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,-ասաց Ջանջուղազյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Այս որոշմամբ մենք Արցախին հատկացնում ենք եւս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ: Նոյեմբերից հետո իրականացվել է 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս պահին ծախսվել է 53 մլրդ դրամ»: Նա թվարկեց, թե ինչ աջակցության ծրագրեր են իրականացվել Արցախում պատերազմից հետո՝ նշելով, որ ընդհանուր առմամբ շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր. «Դրան գումարվում է նաեւ այս 9 մլրդ դրամը, եւ կարող ենք արձջանագրել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն արդեն ծախսվել է: Այդ ծրագրերը պետք է վերանայման ենթարկվեն, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունն սկսի աշխատել, գումարներ գեներացվեն, իսկ մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,-ասաց Փաշինյանը: