Լիբանանի կառավարությունը ավելի քան մեկ երրորդով բարձրացրել է վառելիքի գները, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ կառավարությունը փաստացի կրճատել է վառելիքի սուբսիդիաները, քանի որ Լիբանանը պայքարում է աղետալի տնտեսական փլուզման դեմ, որի հետեւանքով երկու տարուց պակաս ժամանակահատվածում նրա արժույթը ավելի քան 90%-ով անկում է ապրել։
Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ 20 լիտր բենզինի միջին գինն աճել է 35%-ով՝ կազմելով 61 100 լիբանանյան ֆունտ: Սա լիբանանյան պաշտոնական փոխարժեքով համարժեք է 40 դոլարի, բայց զուգահեռ շուկայական փոխարժեքով 4-ից էլ պակաս է: Դիզելային վառելիքի գինն աճել է 38%-ով եւ կազմել է 46 100 ֆունտ:
Ավտովարորդները բաքերը մասամբ լցնելու համար ժամերով հերթ են կանգնում՝ սպասելով նոր առաքումների:
Երկուշաբթի օրը Բեյրութում ցուցարարները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհները: Նախագահ Միշել Աունն ասել է, որ նոր գները պետք է մեղմացնեն ճգնաժամը:
Կենտրոնական բանկը հայտարարել է, որ վառելիքի ներմուծման համար կսկսի վարկային գծեր տրամադրել՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 3900 ֆունտով, ինչը ցածր է 1500 ֆունտ պաշտոնական փոխարժեքից, որը կիրառվում էր սուբսիդավորման ծրագրի շրջանակներում:
Երեքշաբթի օրը զուգահեռ շուկայում դոլարները մոտ 16 700 ֆունտ սթեռլինգով ձեռքից ձեռք են անցել, ասել է դիլերը: