Ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ Աիդա Սերոբյանը, այսօր տեսնելով, թե հայ ռազմագերիներին ինչպես են վերաբերվում Բաքվի բանտերում, կամ նրանց ինչպես են դատապարտում ազատազրկման՝ զուգահեռներ է անցկացնում ադրբեջանցի ռազմագերիների հետ, որոնք 90-ականներին պահվել են Հայաստանում, այնուհետև հանձվել Ադրբեջանին։
Պատմում է, որ նույնիսկ օր է եղել, երբ հայ բժիշկներն ամբողջ գիշեր չեն քնել ու գերի ընկած ադրբեջանցի զինվորի են վիրահատել, որպեսզի վերջինս չմահանա։
«Մենք երբևէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ, ժամերով կանգնել՝ վիրավոր ռազմագերիներին վիրահատել ենք, նրանց կյանքն ենք փրկել, կերակրել ենք, նորմալ առաջին բուժօգնություն ենք ցուցաբերել ու ողջ-առողջ ուղարկել Բաքու։ Մեր մոտեցումն այդպես է եղել թե՛ Արցախի առաջին, թե՛ երկրորդ պատերազմների ժամանակ, թուրքին ժամերով վիրահատել ենք, որ փրկենք։ Գիտեք, մենք չենք կարողանա նման վայրագություններ անել, այնպես, ինչպես այսօր Ադրբեջանում են անում մեր հայ ռազմագերիների նկատմամբ, ցավոք, չենք կարողանում, բայց կարծում եմ՝ ինչպես ռուսն է ասում, պետք է լինի «какой привет, такой ответ», մենք էլ նման ձևով պետք է վարվենք, բայց, ցավոք, մեր գենի մեջ նման վայրագություն չկա»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Աիդա Սերոբյանը։
Նա հիշում է, թե ինչպես էր 90-ականներին ադրբեջանցի բազմաթիվ վիրավոր գերիների դուրս բերում պատերազմի դաշտից, տանում բուժկետ ու առաջին բուժօգնություն ցուցաբերում։ Սակայն ադրբեջանական կողմը, իր քաղաքականության համաձայն, բոլոր տեղերում գրում էր, թե «տեռորիստ Աիդա Սերոբյանը կռվում է Արցախում»։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, երբ թշնամին իմացել է, որ Աիդա Սերոբյանն արդեն Արցախում է, հայտարարել է, թե նրան պետք է բռնել ու մորթել։
«Աղջիկս երբ կարողանում էր ինձ հետ կապ հատատել, լացում էր, ասում էր՝ մա՛մ, վերադարձի՛ր տուն, կարդում էր թշնամու գրածները ու վախենում էր։ Նույնիսկ Բելգիայից ինձ վիդեո էին ուղարկել, որտեղ թշնամին տեղադրել էր իմ պատերազմի տարիների լուսանկարները ու գրել, թե ես ահաբեկիչ եմ։ Ախր, նա այսպես վայրագ է, զարմանալու չէ, մինչև այժմ էլ նման բաներ են գրում։
Ի դեպ, վերջերս մի թուրքից, այսպես ասած, կուլտուրական հաղորդագրություն ստացա, նույնիսկ զարմացել էի, նա ինձ գրել էր. «Բարև Ձեզ, Աիդա, Դուք դեռ չե՞ք մահացել, ախր մենք Շուշին ենք վերցրել, դե ինչ, Ձեզ դո՞ւր եկավ»։ Եթե նրանց նախորդ հաղորդագրությունները համեմատում եմ սրա հետ, սա բավականին կուլտուրական էր, նույնիսկ զարմացա, որ թուրքերը կարողանում են այդքան կուլտուրական հաղորդագրություն ուղարկել։ Ես մի մարսելահայ բարեկամ ունեմ, ինձ միշտ ասում էր. «Մադամ Աիդա, թուրք ըսելուց առաջ կթքեմ»։ Չգիտեմ, երևի մենք սխալ ենք անում, հաջորդ պատերազմում հարկավոր է այդ սխալն ուղղել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե հետադիմական է մտածել, որ տարածքները պետք է վերադարձվեն պատերազմի միջոցով, Աիդա Սերոբյանը նկատեց՝ անհրաժեշտ է Արցախի կորցրած տարածքները հետ բերել, հետ բերելու համար էլ պետք է կատարել հետևյալ կարևոր քայլերը՝ զինել բանակը, միայն ու միայն զինել բանակին արդիական զենքերով ու զինտեխնիկայով, գնահատել զինվորին ու սպային, բարձրացնել նրանց վարձատրությունը, կարգավիճակ տալ ազատամարտիկներին, որովհետև երբ պատերազմ է լինում, Արցախի առաջին ազատամարտում ողջ մնացած ազատամարտիկներն առաջինն են զենքը վերցնում ու մեկնում ճակատ։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Աիդա Սերոբյանն ասում է, որ այդ դեպքում Արցախի տարածքների ազատագրման հարցն ավելի կդժվարանա, այդուհանդերձ անհնարին ոչինչ չի համարում, վստահ է՝ պետք է հետ վերադարձեն Արցախին պատկանող բոլոր տարածքները, գլխավորապես՝ Շուշին։
«2000 թվականին՝ 21 տարի առաջ ճանաչված շվեդ ռեժիսոր, որ տեսել էր Մարտակերտի ազատագրման տեսանյութերը, եկել էր Հայաստան, որպեսզի ֆիլմ նկարեր իմ մասին։ Հիմա չգիտեմ՝ այդ ֆիլմը համացանցում հասանելի՞ է, թե՞ չէ, այն կոչվում է «Ուր է իմ հաղթանակը»։ Ֆիլմը 1 ամիս նկարահանեցին Հայաստանում, իսկ 15 օր՝ Արցախում։ Ինձ նկարահանեցին Շուշիում, ես այնտեղ նստած՝ ասում էի, որ չեմ հավատում, թե երբևէ Շուշիում կարող են թուրքեր ապրել, որ այն կարող է նորից ադրբեջանցիների հսկողության տակ անցնել։ Հիմա երբ հիշում եմ այդ կադրերը ու իմ ասածը՝ անկեղծ՝ ամաչում եմ իմ ասածից, փաստորեն տեսաք, որ հնարավոր եղավ, որ Շուշիում կրկին հայտնվի թշնամին»,- շեշտեց Ա. Սերոբյանը։
Նա այսօր միայն մեկ բան է ցանկանում, որպեսզի հայ ազգը միասնական լինի, քանի որ վստահ է՝ երբ հայ ազգը միասնական է եղել, միշտ էլ հաղթանակ է տարել, պարտվել է միայն այն դեպքում, երբ ներսից պառակտվել է։
«Ասում են՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, միշտ պատրաստ եղիր պատերազմի»,- եզրափակեց Աիդա Սերոբյանը։