Ադրբեջանցիները, զանգահարելով Արցախի բնակիչներին և առաջարկելով նրանց վաճառել իրենց բնակարանները, իրականացնում են հոգեբանական և տեղեկատվական տեռոր մեր ժողովրդի դեմ: Այս մասին «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի ԱԱԾ-ն հաստատել է, որ Ադրբեջանից և Թուրքիայից զանգահարում են Արցախի քաղաքացիներին ու առաջարկում վաճառել իրենց բնակարանները: Արցախի ԱԱԾ-ն կոչ է արել քաղաքացիներին չպատասխանել նման զանգերին:
Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ նման հեռախոսազանգերով ադրբեջանցիները փորձում են վախ ու անորոշություն սերմանել Արցախի քաղաքացիների շրջանում՝ փորձելով ստիպել հավատալ, որ կարող է ինչ-որ պայմանավորվածություն լինեն:
«Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական տեռոր, որն ուղղված է մեր ժողովրդի վրա բարոյահոգեբանական ազդեցության ունենալուն: Տեխնիկական մասը այստեղ կարևոր չէ, այսինքն զանգերի հաճախականությունը, և ով է զանգահարում տղամարդ կամ կին: Հարցը հենց այս տեռորի գաղափարն է », - նշել է նա:
Արցախի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել նման զանգերին շատ հանգիստ և սառնասիրտ վերաբերվել՝ վստահեցնելով, որ այդ սադրանքները չեն հասնի իրենց նպատակին:
Հեղինակ՝ Անի Մշեցյան