Պատերազմի դաշտից վերադարձած կամ, ցավոք, հավերժացած զինվորների մասին վկայությունները մեզ ավելի են պարտավորեցնում ապրել արժանի կյանքով՝ պաշտպանելով այն, ինչ մենք սիրում եք, ինչին հավատում ենք:
Մեդիամաքսը ներկայացնում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Բորիկ Ավետիսյանի պատմությունը, որ հավատի ու նվիրումի մասին է:
«Դու փրկվելու ես, գնա´»
19-ամյա Բորիկ Ավետիսյանը զորացրվելու էր 2021 թվականի ամռանն ու ընդունվեր կոնսերվատորիայի դհոլի բաժին, եթե չլիներ պատերազմն ու ձեռքի վիրավորումը:
Երբ սկսվեց պատերազմը, Բորիկը Մարտակերտում էր, 18 օր այնտեղ մասնակցեց մարտերին: Հետո հրաման ստացան գնալ Մատաղիս, որտեղ էլ ծանր վիրավորում ստացավ:
«Անօդաչուն նկարել էր մեզ, Սմերչով խփեցին: 50 հոգի էինք, բոլորն աչքիս առաջ մահացան: Ես զգացի, որ սնարյադ ա գալիս վրաս, ինքնըստինքյան թռա խրամատի մեջ, հենց էդ պահին աջ կողքիցս խփեց սնարյադը: Սկզբից չգիտեի, որ ձեռքս կտրվել ա, հետո պատահական հայացքս թեքեցի ձեռքիս, տեսա՝ կախ ա ընկել: Մի հոգի էլ կար, մոտեցավ, որ օգնի ինձ, ու հենց օգնելու ժամանակ էլ մահացավ: Մնացի մենակ, հույսս կտրել էի, որ պիտի ապրեմ: Նստեցի, նռնակը վերցրի, քաշեցի, որ ինձ պայթացնեմ, էդ պահին հետախուզական խումբ մտավ, քցեցի իրանց վրա, բոլորը մահացան: Էդ ժամանակ զգացողություն էր, որ մեկն ինձ ասում ա՝ դու փրկվելու ես, գնա»,- հիշում է Բորիկը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդպես վիրավոր սողալով է հասել է Մարտակերտ: Այդ ընթացքում նա շարունակում էր մնալ թշնամու թիրախում, շուրջբոլորը պայթյուններ էին, բայց կրակը վրիպում էր:
«Մտածում էի, թե տեղ չեմ հասնի, շատ մոտ էին իրանք ինձ, բայց կողքերս էր պայթում մենակ: Ոնց որ մեկը ձեռքը գլխիս վրա պահած լիներ, որ սնարյադները չկպնեին»,- ասում է նա:
Դաջվածքներն օգնեցին
Մարտակերտում Բորիկին մի բուժքույր է օգնել, որին հիմա փնտրում է, բայց չի կարողանում գտնել: Անունն անգամ չգիտի: Հետո նրան տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ: Ասում է՝ հիվանդանոց մտա թե չէ, ինձ թույլ տվեցի աչքերս փակել, դրանից հետո երկար ժամանակ անգիտակից էր: Հետագայում բժիշկներն են պատմել, որ իրեն տեղափոխել են Գորիս, այնուհետեւ՝ ուղղաթիռով Երեւան:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բժիշկներն ասում էին, որ մեռած եմ հասել ստեղ, 4 լիտր արյուն էի կորցրել: Վերակենդանացման բաժանմունքում անցկացրածս օրերին գրեթե անգիտակից եմ եղել, հետո են պատմել ինձ, որ բժիշկները հարցրել են՝ ծնողներիս հետ ոնց կապվեն, հասկացրել եմ, որ հեռախոս տան: Կրծքիս 2 դաջվածք ունեմ՝ մի կողմում մամա, մյուս կողմում՝ պապա, հեռախոսով պապայի համարն եմ հավաքել ու ցույց տվել դաջվածքը»,- ասում է զինվորը:
Բորիկի մայրը՝ Հռիփսիմեն, մեծ հուզմունքով է հիշում այն օրը, երբ իմացավ՝ որդին վիրավոր է: Նրանից փորձում էին փաստը գաղտնի պահել, սակայն մոր սիրտը զգում էր:
«4 օր էր արդեն, ինչ Բորիկից լուր չկար, անհամբեր զանգին էի սպասում: Ամուսինս զանգեց, ասաց՝ իր անձնագիրը հանեմ, գալիս է վերցնի: Արդեն զանգել էին հիվանդանոցից, պետք է գնար, բայց ինձ չէր ասում: Միեւնույն է, ես զգում էի, ասում էի՝ հաստատ երեխուս մի բան եղել է, ու էդպես շարունակ լալիս էի»,- պատմում է Հռիփսիմեն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ որդուն այցի եկավ, նա դեռ անգիտակից էր, սակայն Հռիփսիմեն հիշում է, որ Բորիկը բռնում էր մոր ձեռքն ու չէր թողնում: Երկար ժամանակ Բորիկը չէր կարողանում սնվել. կոկորդում խողովակ կար:
«Շատ էի նեղվում, որ համեղ բաներ չէի կարող տանել, դեռ չէր կարող ուտել: Հետո մի քանի օրից քույրերից մեկը զանգեց իր հեռախոսով, ասաց՝ Բորիկը ռուլետ է ուզում: Ուրախությանս չափ չկար, գնացի չտեսի նման ինչ հնարավոր էր գնեցի»,- հիշում է հերոսի մայրը:
Ու էլի դհոլը ձեռքը կվերցնի
«Ինձ երկար ժամանակ թվում էր, թե ես դեռ պատերազմի դաշտում եմ, չգիտեի, որ հիվանդանոցում եմ: Ձայները միշտ գալիս էին: Որ թեթեւ շխկոց էի լսում, քույրերին հարցնում էի՝ էս ի՞նչ էր, սնարյա՞դ ընկավ: Հիմա անցել ա, մի քիչ խշշոց ա մենակ մնացել ականջումս»,- պատմում է զինվորը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վիրավորման հետեւանքով ձեռքի ստորին հատվածն այլեւս չկա: Աջ աչքը եւս պրոթեզավորելու են, բայց տեսնել էլ չի կարողանա, իսկ աջ ականջի լսողությունը ժամանակի ընթացքում գուցե ինչ-որ չափով վերականգնվի:
«Պալատում էի արդեն, երբ իմացա, որ մի աչքս չկա: Ինձ թվում էր, թե վերք ա, կբացվի: Բայց որ իմացա, սովորական էր: Հիմա ձեռքիցս եմ մի քիչ նեղվում, որ չեմ կարողանում ոչ մի բան անել»:
Շուտով բժիշկն է մտնում պալատ, զննում Բորիկի թեւը:
- Լավ ա, լավ ա ... Ինչի՞ վարժություն չես անում:
- Վախենում եմ՝ ջարդվի:
- Կջարդվի, էլի կսարքենք, մեր ձեռը չի՞,- կատակում է բժիշկը:
Բորիկի թեւն իսկապես բժիշկներն են «հավաքել», պետք է նաեւ ոսկոր աճեցնեն: Ձեռքը պրոթեզավորելու են, իր անունով գերմանական ժամանակակից պրոթեզ է նախատեսված, հավանաբար պատրաստ կլինի 5 ամսից: Չգիտի՝ հետո դհոլ նվագել կկարողանա՞, թե՞ ոչ, բայց դհոլի դասատու հաստատ աշխատելու է, արդեն 2 աշակերտ ունի:
«Բժիշկների մոտ սովորություն ա արդեն, հենց պարապ են լինում, գալիս են ինձ վիրահատելու,- կատակում է Բորիկը: Նա արդեն 8 վիրահատություն է ունեցել, եւս 3-4-ը դեռ սպասվում են:
«Մեր տղերքը գիտեն կռվել»
4 ամիս է, ինչ հիվանդանոցում է, հավանաբար եւս մեկ ամիս այստեղ կանցկացնի: Երբեմն տուն է գնում, բայց կատակում է, թե իր տունը հիվանդանոցում է, իսկ տուն գնալիս կարծես գյուղ գնա՝ բարեկամի տուն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Պալատում իրեն ընկերակցում են նաեւ գերմանամկները, որոնցից մեկին նվեր է ստացել: Ակվարիումային ձկներ եւս ունի, բուժքույրներից են նվիրել:
Հիվանդանոցում անցկացրած ժամանակը զուր չի կորցնում, դաշնամուր նվագել է սովորում սմարթֆոնի հատուկ հավելվածով:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նաեւ պատերազմի թեմայով կինոներ եմ նայում: Ուզում եմ համեմատել էս պատերազմի հետ, բայց չի լինում, շատ ուժեղ էր էս պատերազմը... Թուրքերը որ գալիս էին, կրակում էինք ընկնում էին, հետո նորից վեր կենում գալիս էին, ոնց որ զոմբի լինեին... դե սրսկված էին»:
Բորիկն ասում է, որ մարտի դաշտում յուրաքանչյուրն առաջինը իր մարտական ընկերոջն է պաշտպանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր տղերքը լավ կռվել գիտեն, մեր զինվորները շատ դուխով են, մենակ սնարյադի թռնելու ժամանակ մարտական գոռոցները արդեն հերիք ա, որ ամբողջը զգաս: Ընդեղ միշտ իրար դուխ ենք տալիս, բայց որ աչքիդ առաջ մարդ ա պայթում, կարողա մի տեսակ սառես, էլ ոչ մի բանի մասին չես մտածում բացի նրանից, որ հեսա քեզ էլ են խփելու, ու էլ ոչ մի բան չզգաս ... բայց ինձ խփեցին ու ես զգացի»,- վերջին մասը ծիծաղով է հիշում:
Պատմում է նաեւ, որ մարտական ընկերների հետ օդում ԱԹՍ են խփել ավտոմատով: «Որ կպավ, աշխարհով մեկ էինք եղել»,- ժպիտով հիշում է Բորիկը:
Խաչը փրկեց
Բորիկը ձախ ձեռքի դաստակին խաչով ապարանջանի պատկերով դաջվածք ունի, ասում է՝ դա է փրկել, որ ձախ ձեռքը չվնասվի: Աջ թեւին եւս խաչ պատկերող դաջվածք ունի, մտածում է՝ թեւն ամբողջությամբ կորցնելուց խաչն է փրկել: Երբ ասաց, որ պատրաստվում է նոր դաջվածք անել, միամիտ հարց տվեցի.
-Դաջվածք անելուց չի ցավու՞մ:
-Էսքանից հետո ինչ ցավալ...
Հիվանդանոցում անցկացրած օրերը եւս առանց փորձությունների չեն եղել: Բորիկը քիչ է մնացել խեղդվի շնչափողում պատահաբար հայտնված տամպոնի պատճառով:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շարժումներով հասկացրել եմ բժիշկներին, որ հանեն, չեմ կարողանում շնչել: Եկան հանեցին, ու բոլորը զարմանում էին՝ ոնց ա էս տղեն էսքանից հետո ողջ: Իսկ ես ասում եմ՝ էդ եքա սնարյադից ինձ բան չեղավ, էս փոքր բինտից պիտի մեռնեի՞: Ինչ ամոթ կլիներ»,- ծիծաղում է:
Պիտի փոխենք մեզ
«Ինձ թվում ա, որ մարդիկ չեն փոխվի, բայց պիտի փոխվեն: Պիտի դավաճանությունը վերանա, սկսեն իրար սիրել: Եթե իրար սիրելը, իրար նկատմամբ հարգանք տածելը լիներ, մենք էսքան բարդ պատերազմ չէինք տեսնի... մեկը մյուսին չէր թողնի ու փախներ»,- կարծում է Բորիկը:
Նա ինքն իրեն հաճախ է հարցնում՝ ինչու է 50 զինակիցներից հենց միայն ինքն ապրում, բայց դեռ պատասխանը չի գտել:
«Ես պետք է էդ 49 հոգու տեղ ապրեմ, իրենց ծնողների համար որդի լինեմ, ու բոլորս պիտի տենց ապրենք: Ժամանակը միայն արժեքավոր բաների վրա պիտի ծախսենք»:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի