19-ամյա զինվորը 11 վիրահատություն է տարել. աջ ոտքը կարճացել՝ 8 սմ-ով, սակայն տրվել է 3 -րդ կարգի հաշմանդամություն. Ասում են՝ ոտքը պետք է կտրված լինի, որ 2-րդ կարգ ստանա. Մայրը դիմել է ՄԻՊ-ին


19-ամյա զինվորը 11 վիրահատություն է տարել. աջ ոտքը կարճացել՝ 8 սմ-ով, սակայն տրվել է 3 -րդ կարգի հաշմանդամություն. Ասում են՝ ոտքը պետք է կտրված լինի, որ 2-րդ կարգ ստանա. Մայրը դիմել է ՄԻՊ-ին
Հունիս 15 21:52 2021

19-ամյա ժամկետային զինծառայողը, մասնակցելով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, հետո ծանր վիրավորում է ստացել, հիմա էլ աջակցության կարիք ունի։ Պետությունը տրամադրել է երրորդ կարգի հաշմանդամություն, իսկ մայրն ուզում է հասկանալ՝ ծնկի ոսկորն ամբողջությամբ փշրված որդուն արդյո՞ք չէր հասնում երկրորդ կարգի հաշմանդամություն։

Սյուզաննայի որդին վիրավորվել է հոկտեմբերի մեկին՝ Եղնիկներ զորամասում, ստացել ծանր բեկորային վնասվածք. տղայի հայրն է փրկել երեխայի կյանքը, նույն պահին տեղափոխել հիվանդանոց։

«Բազմաբեկորային սերտաճող կոտրվածք է ստացել, բազմաօջախային ապարատ են տեղադրել։ Մեծ բաց վերք ուներ, հույս չունեինք, որ այդ վերքը կփակվի, ոսկորը կփակվի»։

19-ամյա որդին նաև ճակատին սպի ունի, կրծքավանդակին ևս բեկորային վիրավորում է ստացել։ Երկու ամիս գտնվել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, հետո՝ վերականգնողական կենտրոնում։ Տղան սկզբում քայլակի օգնությամբ էր քայլում, հիմա՝ հենակի օգնությամբ է տեղաշարժվում, ծունկը չի ծալվում։

«7-8 սմ ոտքը կարճացել է՝ աջ ոտքը։ Վիրահատություն չեն անում, ինչպես բժիշկն է ասում, մինչև ծունկը չկարողանա ծալել։ Ապարատը նոր են հանել, ոսկորը նոր է կպել, հիմա հնարավորինս պետք է գնա վերականգնողական, պետք է տեսնեք ինչ արդյունք է տալիս»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մայրը։

Սյուզաննան ասում է՝ եթե վիրահատության հարցն այստեղ չլուծվի, կդիմի պատկան մարմիններին՝ երեխային ուղարկելու արտերկիր ։

Զինվորը ստիպված է եղել 11 վիրահատություն տանել, նաև պլաստիկ վիրահատություն,բայց մեծ բացվածք է մնացել աջ ոտքին։ Սպասում են, որպեսզի տղան կարողանա ծալել ոտքը, որպեսզի նորից վիրահատություն իրականացնեն։

Զինվորը ստացել է երրորդ կարգի հաշմանդամություն, որի համար վճարվել է միանվագ 500.000 դրամ, 25 հազար դրամ էլ՝ ամսական վճար է ստանում։

Կարգը ևս ուշ են կարողացել հաստատել՝ չորս ամիս անց։ Երեխան գտնվում էր վերականգնողական կենտրոնում, չուներ անձնագիր։

«Ես եմ անձնագիրը անձնագրայինից վերցրել, որպեսզի կարողանամ երեխայի կարգը հաստատել։ Հոկտեմբերի մեկին վիրավորում է ստացել, բայց մարտի 10-ից ենք թոշակ ստացել։ Երբ դիմել ենք ԲՍՊ, որ հաշվառվի։ Իրենք են որոշում երեխայի կարգը։ Թղթաբանությունը բոլորը հասցրել եմ, բայց որոշեցին, որ երեխան պետք է երրորդ կարգ ստանա, քանի որ ասում են՝ ոտքը պետք է կտրված լինի, որ երկրորդ կարգ ստանա։ Ես արդեն հոգնել էի, թղթերի համար մարզից ամեն անգամ գալիս հասնում էի Երևան, հետո գնում Գորիս։ Կարծում էի, կարգը կարևոր չէ, կարևորը երեխան իմ հետ է։ Բայց հետո որ գիտակցում ես, որ մարդ կա արմունկը չի կարողանում բացի՝ երկրորդ կարգ են տվել, իմ երեխայի ոտքն էլ կարճացած երրորդ են տալիս։ Ասում են հիվանդները շատ են»։

Սյուզաննան հայտնեց, որ դիմել է իրավաբանին, ով վերջինս գործը կազմել և դիմել է ՄԻՊ-ին։

«Իմ իրավունքներն եմ ուզում պաշտպանել, ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, ուզում եմ իմանալ՝ արդյոք պետությունը ճիշտ է համարում, որ նման հաշմանդամ երեխայի կարգը այդպես են տվել։ Իմ բողոքը միայն դա է»։

Նրա փոխանցմամբ՝ տան միակ աշխատողը ինքն է, ամուսինն աշխատում էր Արցախում, բայց հիմա երեխային խնամք է անհրաժեշտ, հայրը օգնում է, խնամում որդուն։
Սյուզաննան նշեց նաև, որ պատերազմից հետո որդին հոգեբանական ծանր վիճակում է՝ երեք ամիս ոչ ոքի հետ չի շփվել, աշխատել է հոգեբանի հետ։

«Երեխան չէր խոսում։ Կանտուզիայի էր նման։ Պահ էր գալիս երեխան ցավերի մեջ էր, բժշկին ամենավերջին բառերն ասում էր... Մինչև հիմա տխուր, մոլորված է։ Որ ասեմ շատ լավ տրամադրություն ունի՝ չէ»։

Աղբյուր` Փաստինֆո