Վիշտ կա, որ ոչ մի բառով չես սփոփի, վերք կա, որ աշխարհի ամենաթանկ դեղամիջոցը չի սպիացնի, նույնիսկ, երբ մարդ իմաստնության հասակում է: 70-ամյա Լիդա Առուշանյանի պատմությունը հենց դրա մասին է: Նա պատերազմում կորցրեց իր մինուճարին՝ 30-ամյա որդուն: Դավիթը մեծացավ հանրակացարանի փոքրիկ սենյակում, բայց երազեց ու հասավ ավելի մեծ հորիզոնների. 4 երեխաների հայր Դավիթն իր կյանքի գնով արժանացավ «Արցախի հերոսի» բարձր կոչմանը:
Իվանյանի տանկային զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար մայոր Դավիթ Առուշանյանը թշնամու 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակի զինվոր է ոչնչացրել, վիրավորվելուց հետո շարունակել է կռվել ու չի ենթարկվել նահանջի հրամանին: 7 ամիս անհետ կորածների ցանկում էր. տարեց մայրը ուր ասես, որ չի գնացել, ում հետ ասես, որ չի հանդիպել. Պաշտպանության նախարարության և կառավարության շենքերի մուտքերի շրջափակման ակցիաներից մինչև կարող մարդկանց հետ հանդիպումներ. միայն վերջերս են Դավիթի մասունքները ԴՆԹ հետազոտմամբ հաստատվել. մայիսի 23-ից տիկին Լիդան գիտի՝ որտեղ սգա իր վիշտը:
Տարեց կինը Tert.am-ին պատմել է, որ մեծ հնարավորություններ չի ունեցել, բայց Դավիթին արժանապատիվ է պահել: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն իրենց տանից քիչ ներքև է գտնվել. տղան ամեն անգամ անցնելիս երազել է այնտեղ սովորել. չի բռնացել հերոս որդու ցանկությանը: Գիտեր՝ պարտաճանաչ և մեծ նվիրում ունեցող Դավիթը երբեք իրեն հուսախաբ չէր անի: Լիդա Առուշանյանը խոստովանել է, որ իր ապրելու նպատակը հիմա միայն թոռներն են և երկիրը պատերազմի դուռը հասցնելու և պարտության մատնելու մեղավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատիժը տեսնելը. «Նա Չաուշեսկու կրկնօրինակն է դառնալու, ուղղակի մի հարված էլ իմ կողմից է ստանալու: Չուշեսկուն սպանեցին ու կախեցին, ես չեմ ուզում նա մահանա, ինքը պետք է պատասխան տա, ուզում եմ Նյուրնբերգյան դատավարություն լինի»:
Վիշտը խորն է, բայց չի կորցրել հավասարակշռությունն ու միտքը: Որդեկորույս մոր աչքից ոչինչ չի վրիպում, ասում է`հետևում է լրահոսին ու իր հետևություններն անում: Պատմում է՝ Ռուսաստանի Ալթայի երկրամասում է ծնվել, խորհրդային տարիներին իրենց ընտանիքն աքսորել էին այնտեղ, որից հետո տեղափոխվել էին Շահումյանի շրջանի Պարիս գյուղ: Տիկին Լիդան ադրբեջաներեն գիտի. խնդրեց իր իսկ բնորոշմամբ թուրքամետ ու ադրբեջանամետ գործող իշխանությանը խոսք ուղել մեր տեսախցիկի միջոցով` Փաշինյանի ընտանիքին հասկանալի լեզվով. «Աննա խալա, սենքիմ սան»:
70-ամյա կինն ասում է՝ միջնակարգ կրթություն ունի, բայց ամբողջ կյանքում բարձր գրականություն է կարդացել, ինքնակրթվել ու մեծ գրողների խոսքով դաստիարակել Դավիթին: Մեր նկարահանող խումբը զրույցի ընթացքում համոզվեց դրանում. «Երեկ էլ լսեցի, որ Նիկոլն ասում էր. «Մենք հպարտ ենք, որ պարտվել ենք»: Դուք այդպիսի բան պատմության մեջ լսե՞լ եք: Այ Հերոստրատ, իր մեջ հերոստրատական հատկություններ կան, էն որ չգիտեր՝ ինչ աներ, որ նշանավոր դառնար, ստիպված գնաց մի եկեղեցի վառեց, որ պատմության մեջ մտնի: Մտել ես, այ Ներոն, այ Կալիգուլա, դուրս արի, հերիք ա»:
Որդին ընտանիքով 10 տարի Արցախում էր ապրում և աշխատում: Երեխաները Ստեփանակերտում են ծնվել, որոշ ժամանակ բնակվել են նաև Շուշիում: Լիդա Առուշանյանն ասում է՝ ամեն անգամ վիրավորվում է, երբ տեսնում է, որ որդեկորույս ծնողների վիշտը մոռացած՝ որոշ քաղաքացիներ իրենց պահում են այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել. «Հեռուստացույցով տեսա`մի ջահել կին վարդի թերթիկներ էր փռում անարժանի ոտքերի տակ: Ի՞նչ ա, կույս օրիորդի էիք ամուսնացնում: Երբ նա ոչ մի բանի արժանի չի, նրան փշե պսակ ա պետք»,-ասել է Արցախի հերոսի մայրը:
Մանրամասները` տեսանյութում: