Սեպտեմբերի 27-ից Արման Գալստյանը եղել է կռվի ամենաթեժ կետերում․ սկզբում եղել է Ջաբրայիլում, հետո Ֆիզուլիում, Հադրութում և վերջին հենակետը եղել է Մարտունի 2-ում։ Նա մինչև նոյեմբերի 3-ը թեժ մարտեր է վարել թշնամու դեմ մինչև այն, երբ իրեն վստահված դիրքը պաշտպանելիս վիրավորվում է։ Արման Գալստյանը, այսօր արդեն ապաքինվում է՝ նա ստացել է 10 վիրահատություն, և դեռ պետք է վիրահատվի։ Հերոսը, ետ նայելով, չի զղջում և ոչնչի համար։
Արմանը 2019 թվականի հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Ջաբրայիլում: Նա սեպտեմբերի 25-ից արդեն դիրքերում էր․ «Սեպտեմբերի 25-ին դիրքեր բարձրանալու մեր հերթական օրն էր: 27-ի առավոտյան արդեն լսելի էր թշնամու տեխնիկայի աշխատանքը՝ ուղղված մեր կողմը: Սկզբից չէինք կողմնորոշվում, թե ինչ անենք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց պատերազմի 2-րդ օրից արդեն հունի մեջ ընկանք և պատկերացում ունեինք, թե ինչ է պատերազմը»,- պատմում է հերոսը:
Սկզբի մի քանի ժամը Արմանին վստահված դիրքի վրա հարձակում չի եղել, հիմնականում աշխատել է թշնամու հրետանին․ «Մի քանի ժամ հետո արդեն մեր կողքի դիրքը թշնամին վերցրել էր ու էդ դիրքից ճեղքում եղավ, արդեն մեր ուղղությամբ էին գալիս, մենք հետ նահանջեցինք: Բայց մեր դիրքը երկար չմնաց թշնամու մոտ, մեր տղաները նույն օրը երեկոյան 7-ին հետ վերցրեցին դիրքը»,-նշեց նա:
Արմանը պատերազմի օրերին միշտ կապ է պահել տանեցիների հետ, նա հանգիստ էր լինում, երբ գիտեր, որ ընտանիքի անդամները տեղեկություն ունեն իրենից, հերոսը ոգևորվում էր, երբ խոսում էր իր հարազատների հետ, ուժ էր ստանում նրանցից․ «Գրեթե ամեն օր զանգահարում էի տուն, որ հանգիստ լինեին, նաև ես էի հանգիստ լինում՝ իմանալով, որ տանեցիներս տեղյակ են ինձնից։ Պատերազմի ողջ ընթացքում միայն վիրավորվելուս օրը չեմ զանգահարել տուն»,- ասաց Արմանը:
Վերջինս վիրավորվել է իր 2 զինակից ընկերների ապաստարանը փոխելիս․ սկզբում Արմանն է փրկել նրանց կյանքը, հետո այդ 2 տղաները՝ նրանը․ «Ապաստարաններում հսկում էինք, որ հանկարծ թշնամին առաջխաղացում չունենա, ու երբ իրենց հրետանին աշխատեց, նրանց արկը ընկավ տղաների թաքստոցի մոտ ու զգացինք, որ արդեն շատ մոտ են մեզ։ Կապ հաստատեցի հրամանատարի հետ ու առաջարկեցի տեղափոխվել մյուս ապաստարան: Տղերքը հերթով տեղափոխվեցին հաջորդ ապաստարանը, ու երբ ես պետք է գնայի նրանց հետևից, հեռակապս ընկավ ձեռքիցս, կռացա, որ վերցնեմ, հենց էդ պահին մի պայթյուն լսեցի ու մխրճվեցի հողի մեջ։ 2 վայրկյան հետո գլուխս բարձրացրի, տեսնեմ ձախ կողմի ձեռքիցս ծուխ է դուրս գալիս, այրվել էր, ամբողջ ձախ կողմս վնասվել էր՝ ձեռքս, գլուխս, ոտքս, ողնաշարս: Մի կերպ սողալով՝ հասել եմ հեռակապին, տեղեկացրել եմ, թե որտեղ եմ ու հրամանատարը իր մեքենան ուղարկել է իմ հետևից: Սկզբում տեղափոխել են շտապօգնության մեքենա, այնուհետև Մարտունի 2-ի հոսպիտալ, հետո Ստեփանակերտինը, որտեղ էլ, որ վիրահատել են: Երեկոյան վիճակս շատ ծանր է լինում Գորիս են տեղափոխում, էնտեղից էլ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն ու մեկ ժամ հետո սկսում են վիրահատությունը»,- վերհիշելով պատմում է հերոսը:
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում