Պատերազմի ժամանակ, երբ Գոռը տուն էր զանգում, ասում էր՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է, թշնամին վախկոտ է, ոչինչ չի կարող անել. հայրենասիրությունը մինչև վերջին պահը խոսում էր նրա ներսում:
44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Գոռ Հակոբյանի մասին Tert.am-ը զրուցել է հերոսի հորեղբոր որդու՝ Գեղամ Հակոբյանի մասին:
Գոռն Արարատի մարզի Այնթապ համայնքից էր, ընտանիքում ամենափոքրն էր երկու եղբայրներից հետո: Աչքի էր ընկնում իր հասուն, նպատակասլաց կերպարով, հավասարակշռված էր, ընկերասեր, պարտաճանաչ:
Գեղամը հիշում է, որ հորեղբոր տղան միշտ ժպիտով էր, բարի էր ու իր բարությունը, հոգատարությունը վարդերը խնամելով ու մշակելով էր ցույց տալիս: Տան բակում վարդեր էր մշակում, հարևաններն ինչքան էլ փորձում էին նույն վարդերը տնկել, չէր ստացվում, իսկ Գոռի մոտ ամեն ինչ ստացվում էր:
Հերոսի երազանքները մեծ ընտանիք ունենալու հետ էր կապված, երկու եղբայրներին էլ ասում էր՝ բանակից գալու է ու առաջինն ինքն է ամուսնանալու, իր խոսքով՝ Ալինաներ ու Արթուրիկներ (Գոռի մայրիկի և հայրիկի անունները) է ունենալու:
Պատերազմի առաջին իսկ օրվանից հերոսը մասնակցել է պատերազմին, կռվել է Ասկերանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի պաշտպանական մարտերում:
Գոռը ծառայության էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ միջնեկ եղբոր հետ: Հրետանավոր էր, ծառայում էր Արալեռի հրետանային գնդում: «Ծառայությունը շատ էր սիրում, մեծ եղբայրը երբ զինվորական արձակուրդ էր գալիս, նրա համազգեստը հագնում էր, ասում էր՝ պիտի գնամ հայերնիքս պաշտպանեմ, սահման հսկեմ: Եղբայրն էլ, Գոռն էլ մեկ տարվա ծառայող էին, երբ պատերազմը սկսվեց»:
Պատերազմի ժամանակ Գեղամը ևս առաջնագծում էր, առաջնագծից միշտ կապ է պահել Գոռի ու եղբոր հետ, կամ փորձում էր ընտանիքի անդամներից հասկանալ, թե ինչպես են տղաները: «Միջնեկ եղբայրը չի ուզել, որ Գոռն իր հետ մնա պատերազմի ժամանակ, իր մտածելով՝ ավելի ապահով տեղ է ուղարկել, որովհետև այն տարածքում, որտեղ կռվում էին, իրավիճակը ծանր էր ու լարված»:
Գոռն առհասարակ պատերազմի օրերին հեռախոսն անջատած էր պահում, ասում էր՝ զբաղված եմ, մի զանգեք ու հանգստացնում էր ընտանիքի անդամներին, թե իր հետ ոչինչ չի կարող պատահել: «Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին, իր մարտական ընկերները պատմում են, որ հոկտեմբերի 10-ից հետո Գոռն իր խմբով առաջադրանքի էին գնացել, Ջաբրայիլը կիսով չափ անցել էր թշնամու կողմ, ու նրանք գնում էին այդ կողմի պաշտպանության համար, որպեսզի կասեցնեն թշնամու առաջխաղացումը: Վերջինն իր հոր հետ է հասցրել խոսել, ասել է՝ գնում եմ առաջադրանքի, պիտի անենք, չենք թողնելու հողը»:
Գեղամը պատմում է, որ Գոռը թեժ կռվի ժամանակ ինքնակամ բոլոր վիրավորներին ու զոհերին հանել է վտանգավոր, թշնամուն անցած տարածքներից: «Հրամանատարն ասել է՝ Գոռիկ ջան, էս քո գործը չի, պատասխանել է՝ ես իմ ախպերներին չեմ թողնի մարտի դաշտում, եթե անգամ զոհված են: Գոռին առհասարակ շատ էին գովում, հրամանատարը մի անգամ Գոռի պապայի հետ խոսելիս ասել է՝ եթե ինձ ևս 100 տարվա կյանք տա Աստված, ես Գոռի հետ կապրեմ ու մինչև աշխարհ ծայրը կգնամ հետը»:
Պատերազմի նման ավարտը Գոռը հաստատ ծանր կտաներ, որովհետև միշտ ասում էր՝ թշնամին առաջ չի կարող գալ, թշնամին վախկոտ է: «Ասում էր՝ ձև չկա, պիտի պահենք, չգիտեմ՝ ինչքան կշարունակվի, բայց չեն կարողանալու առաջ գալ»:
Հերոսն ընկել է Ջաբրայիլում՝ հոկտեմբերի 13-20-ն ընկած ժամանակահատվածում: Գոռն անհետ կորած էր համարվում, զոհվելու մասին լուրը հաստատվել է մայիսի 21-ին, իսկ մասունքները գտնվել են հունվարի 20-ին: