Մհեր Մարտիրոսյանը զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշի տանող ճանապարհին…


Մհեր Մարտիրոսյանը զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշի տանող ճանապարհին…
Մայիս 24 22:35 2021

Արցախյան 44-օրյա պատերազմում ոստիկանության զորքերի զորամասի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից անմահացան չորս ծառայողներ։ Նրանցից մեկն էլ Մհեր Մարտիրոսյանն էր։
Մհեր Մարտիրոսյանը ծնվել է 1989 թվականին։ Ժամկետային ծառայությունն անցել էր Արցախում։ Մասնագիտությամբ քարտաշ էր։

Ոստիկանության զորքերում ծառայության էր ընդունվել 2018 թվականին։ Հասարակական կարգի պահպանության ծառայությունից բացի, Տավուշի սահմանային դիրքերում մարտական հերթապահություն էր իրականացնում։

44-օրյա պատերազմին ծառայակիցների հետ առաջին անգամ Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էր Քարվաճառի պաշտպանությանը։
Հոկտեմբերի 27-ին վերադարձավ տուն, իսկ երկու օր անց կրկին մեկնեց Արցախ՝ կրկին Քարվաճառ։ Օրեր անց պարզվեց, որ թշնամին լայնածավալ հարձակում է ձեռնարկում հայոց բերդաքաղաքի ուղղությամբ։ Նոյեմբերի 3-ին Մհեր Մարտիրոսյանն ու ծառայակիցները Քարվաճառից մեկնեցին Շուշի։

 

Մարտերը գնալով թեժանում էին։ Թշնամին ավելի էր մոտենում։ Ծանր մարտերից մեկի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, Մհեր Մարտիրոսյանը վիրավորվում է թշնամու արձակած արկի պայթյունից։ Նրա կյանքը փրկել չի հաջողվում. զոհվում է Շուշի տանող ճանապարհին։

Մհերը, Էդգարը, Արթուրն ու Մեսրոպը հավերժ կհիշվեն որպես Շուշիի անմահ պաշտպաններ։ Այն Շուշիի, որն այսօր գերեվարված է, այն Շուշիի, որը կրկին հառնելու է։