Պատերազմում հերոսացած Նարեկ Հովհաննիսյանի ծառայության ավարտին 100 օր էր մնացել։ Ծառայում էր Մարտակերտում, պատերազմի առաջին օրը կռվել է Թալիշում՝ հերոսանալով սեպտեմբերի 28-ին։
«Նահանջի հրաման են ստացել, ծառայակից ընկերներին ասել է՝ գնացեք, ես կկռվեմ։ Ընկերները փորձել են համոզել ու տանել իրենց հետ, բայց Նարեկս ասել է՝ հրամանատարիս մենակ չեմ թողնի։ Առաջ է գնացել ու կռվի բռնվելով թշնամու հետ՝ խոցել 2 տանկ։ Հրամանատարին նետել է ձորը, որպեսզի թշնամին չգերեվարի նրան, այդ ժամանակ կրակել են Նարեկիս, բայց չգիտենք՝ վիրավորվե՞լ, թե՞ միանգամից մահացել է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Նարեկի մայրը՝ Գրետա Հակոբյանը։
Նարեկը արագ արձագանքման փրկարարական ջոկատից էր, հակառակորդի դեմ կռիվ են մղել ջոկատի 16 զինվոր․ նրանցից շատերը զոհվել են, բայց, թե ինչպես՝ տիկին Գրետան տեղեկություն չունի:
Հերոսի ծառայակից ընկերները պատմել են, որ նա բանակում աչքի է ընկել գերազանց ծառայությամբ, ինչի համար էլ բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ է ստացել։
Երկար ժամանակ Նարեկին փնտրելով անհետ կորած զինծառայողների շարքերում՝ միայն 4 ամիս անց՝ հունվարի 31-ին են գտել նրան, սակայն, զոհված տղաների ցանկում։ Հայաստան վերադարձած գերիների առաջին խմբի ցանկում եղել է Նարեկ Հովհաննիսյան անուն ազգանունը, ինչն էլ հուսադրել է Նարեկի ծնողներին. կարծել են, թե իրենց որդին է, բայց, ավաղ, սխալվել են։
«Նարեկս խիզախ էր, ոչ մի դժվարությունից չէր խուսափում, յուրահատուկ բնավորություն ուներ։ 8 տարեկան էր, երբ հայրը մահացավ, ու ամեն ինչի ինքնուրույն է հասել, վաղ տարիքից աշխատել է։ Ուզում էր ճանաչված լինել, չէր ուզում ոչ մի բանից հետ մնալ, որոշել էր վերադառնալուն պես ծաղկի սրահ բացել։ Ասում էր՝ մա՛մ ջան, որ գամ, ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց տիկին Գրետան։
Մայրն ասում է՝ ապագայի հետ կապված մեծ երազանքներ ուներ, ամեն կերպ հասնում էր նպատակներին․ «Մեծ սիրտ ուներ Նարեկս, բոլորին սիրում էր, օգնում, բոլորի հետ սիրով էր․ այդպես էր նաև ծառայության մեջ»,- նշեց տիկին Գրետան։
Նարեկի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 25-ին. մայրը հիշում է, որ այդ օրը որդին ուրախ էր, սակայն ուրախության հետ մեկտեղված թախիծ կար նաև․
«Երկու օր առաջ զորավարժությունների էին մասնակցել, որախ էր, որ գերազանց էր հանձնել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Շատ էինք կարոտել, վերջին անգամ տեսել էինք 2019 թվականի հոկտեմբերի 17-ին՝ իր ծննդյան օրը․ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդիս չկա»։
Նարեկը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից էր․ գյուղի փողոցներից մեկը հերոսի անունով է կոչվել, շուտով դպրոցում նրա անվան դասասենյակ կբացվի։
«Ասում էր՝ այնպես պետք է ծառայեմ, որ պատվով վերադառնամ ու բոլորը խոսեն իմ ծառայության մասին․ այդպես էլ եղավ, բայց, ափսոս, Նարեկս հետ չեկավ․․․»։
Արփինե Հակոբյան