Ինքը մարտի դաշտում չի մահացել, հիվանդանոցում է, որ չի պայքարել․ 20-ամյա Հայկը զոհվել է պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ


Ինքը մարտի դաշտում չի մահացել, հիվանդանոցում է, որ չի պայքարել․ 20-ամյա Հայկը զոհվել է պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ
Ապրիլ 3 16:46 2021

Հրետանու հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը ծառայում էր Շամշադինում, մասնակցել էր 2020թ. հուլիսի տավուշյան մարտերին ու մարտական հերթապահության համար մեդալ ստացել։

«Հուլիսյան դեպքերից հետո, երբ նորից սկսեցին դիրքեր գնալ, անհանգստանում էի, ասում էի՝ երբ պետք է երկու շաբաթն անցնի, ասում էր՝ որ շրջվում ես, նայում ես, գյուղը հանգիստ քնում ու վեր է կենում, այդքան մարդ հանգիստ են քո հույսով, բա դրանից լավ զգացողություն կա՞»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Հայկազն իր տեղը չէր գտնում։ Մոր հետ խոսելիս միանգամից առաջնագծում ծառայող ընկերների մասին էր հարցնում։ Հայկազին ռազմաճակատ տարան հոկտեմբերի 14-ին։ Մեկնելուց առաջ նա ընտանիքին խնդրեց իրեն ուղարկել լուսարձակիչ սարք, տաք շորեր, և դանակ՝ իբրև թե պահածոները բացելու համար։

 

 «Հետո իմացանք, որ այդ դանակն ինքն ուրիշ բանի համար էր ուզում՝ որպես վերջին միջոց, որ գերի չընկնի։ Ինքը համարում էր, որ եթե զինվոր է, ձեռքին զենք կա, ինքն իրավունք չունի գերի ընկնելու»,- պատմեց Հայկազի մայրը։

Քրոջ հետ խոսելիս Հայկազը պարծեցել է՝ գիտե՞ս, թե քանի թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով։ Բայց միաժամանակ նրան զայրացնում էին հատկապես չարդարացված նահանջի հրամանները։

«Ասում էի՝ էստեղ ասում են, որ տակտիկական նահանջ են տալիս, ասեց՝ մամ, դո՞ւ էլ ես էդքան միամիտ։ Տակտիկական նահանջի ժամանակ ռազմավարություն են ունենում, տակտիկան ուրիշ է լինում, մենք հետո պետք է շրջապատենք, փակենք, բայց մենք չենք անում, անընդհատ հետ ենք գնում։ Կյանքում սենց ամոթ չեմ զգացել։ Չեմ ուզում՝ աչքիս առաջ Ղարաբաղը կորցնենք»,- որդու հետ խոսակցությունը հիշեց Աննա Մկրտչյանը։

20-ամյա Հայկը շատ երազանքներ ուներ։ «Լիվերպուլի» խաղին ներկա գտնվելու երազանքով․ նա մարտի վերջին օրերին սիրելի ակումբի համազգեստով էր։ Նաև ցանկանում էր գիրք գրել։

«Իր կարդացած բազմաթիվ գրքերից ու ֆիլմերից Հայկն իր համար իդեալական ասպետի կերպար էր կերտել։ Իր սիրելի հերոսները զոհվում էին հենց պատերազմի ժամանակ, բայց ինքը նրանցով հիանում էր, որովհետև իրենք անվախ են եղել ու ինքն էլ է այդպես եղել»,- նշեց քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։

Հայկազի համար պատերազմն ընդհատվեց իր 20-ամյակից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին․ նա վիրավորվեց Բայրաքթարի հարվածից։

«Ինքը նկատել է լույսը, անգամ տղաներին զգուշացրել է ու արագ վազել է, բայց չի հասցրել․․․»,- ասաց տիկին Աննան։

Հայկազը հիվանդանոցում ապրելու համար պայքարեց 12 օր։ Նա այդպես էլ գիտակցության չգալով մահացավ նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ։

«Ես կարծում եմ, որ ինքը հետ է եկել պատերազմից, որովհետև ինքը մարտի դաշտում չի զոհվել։ Ինքը հիվանդանոցում է, որ չի պայքարել, հանձնվել է, բայց ինքը դուրս ա եկել կռվի դաշտից ու շատ պատվով է դուրս եկել»,- ավելացրեց Հայկազի քույրը։