Զգացողություն ունեի, որ մեր ամբողջ կարիերան կառուցվել է երևանյան համերգի համար. Թանկյանի հարցազրույցը AFP-ին


Զգացողություն ունեի, որ մեր ամբողջ կարիերան կառուցվել է երևանյան համերգի համար. Թանկյանի հարցազրույցը AFP-ին
Հունիս 5 10:40 2017

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում կազմակերպել միջազգային ռոք-փառատոն: Այս մասին Թանկյանն ասել է AFP-ին տված հարցազրույցում: Գործակալությունը հիշեցնում է, որ մարդասիրական «Ավրորա» մրցանակաբաշխությունից մեկ տարի անց, որի թեմատիկ երգը հեղինակել է Թանկյանը, վերջինս ՀՀ-ում տեսնում է այլ միջոցառումների անցկացման հնարավորություն և ցանկանում է կազմակերպել փառատոն։

Թանկյանը, ով տեղաուղերձով շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթող Թոմ Քաթինային, արարողության ժամանակ ասել է, որ «Ավրորա» մրցանակը երախտագիտություն է ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր օգնել են վերապրածներին։

 Լիբանանում ծնված Սերժ Թանկյանը, ում տատն ու պապը վերապրել են թուրք քաղաքապետի և ամերիկյան միսիոներական որբանոցի օգնությամբ, ասել է, որ շատ հաճախ մարդիկ ձախողում են նախնիների ցավից դասեր քաղելու հարցում։

«Ինձ համար իսկապես հիասթափեցնող է այն, որ կան մարդիկ, ովքեր տառապել են անսահման, կամ ում տատերն ու պապերն են վիթխարի տառապանքներ կրել, և դեռ նրանց դիրքորոշումը կյանքում մնացել է միանշանակ եսասիրական և անհեռանկար այն առումով, թե ինչպես են նրանք տեսնում իրենց կյանքն ու ինչպես են ծախսում իրենց գումարը»,-ասել է նա։

 Թանկյանն ընդգծել է, որ ցանկանում է Հայաստանում ավելի շատ բան անել և իր մոտ արդեն ծագել է երաժշտական փառատոն կազմակերպելու գաղափարը։

«Միշտ երազել եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպելու մասին։ Ես փորձել եմ զբաղվել քաղաքական և սոցիալական աշխատանքներով, հիմա կցանկանայի ժամանակ գտնել ստեղծագործական և երաժշտական աշխատանք իրականացնելու համար»,-ասել է նա։

 Անդրադառնալով 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացված System of a Down խմբի համերգին՝ նա նշել է. «Տեսնելով համերգին ժամանած երիտասարներին՝ պատմության զգացմունքը պատեց ինձ՝ հիշելով տատերիս ու պապերիս: Ես մեր խմբի մեջ տեսա կատալիզատոր՝ հնի և նորի միջև: Այնպիսի զգացողություն ունեի, որ մեր ամբողջ կարիերան կառուցվել է այս համերգը տալու համար»: