2017 թվականի հունիսի 6-ին, ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից:
Բացմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կիսանդրու հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանը, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Արամ Խաչատրյան մրցույթի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, երաժշտասեր հանրություն:
Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Հեղինակի և բարերարի համատեղ որոշմամբ կիսանդրին նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը և 2017 թվականի հունվարին տեղափոխվել Երևան:
Կիասնդրու բացումը կկայանա կոմպոզիտորի ծննդյան օրը և կլրացնի օրվա արարողակարգային միջոցառումների շարքը: Երեկոյան, միջոցառման բոլոր մասնակիցները կմասնակցեն Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հիշեցնենք, որ հեղինակի և բարերարի որոշմամբ, 2017 թվականի փետրվարի 2-ին նույնանման կիսանդրի նվիրաբերվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիային: Բացման արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Օ. Եսայանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Ժուրավսկին, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Վ. Կատկովը, անվանի դաշնակահար Դենիս Մացուևը: