«Ինձ համար կարևորը հայրենիքս էր, աչքիս ոչինչ չէր երևում». թշնամու համար ամենասարսափելի վաշտի 19-ամյա զինվորը՝ ապրումների, ստացած վնասվածքի մասին


«Ինձ համար կարևորը հայրենիքս էր, աչքիս ոչինչ չէր երևում». թշնամու համար ամենասարսափելի վաշտի 19-ամյա զինվորը՝ ապրումների, ստացած վնասվածքի մասին
Մարտ 20 22:33 2021

 

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ժամանակ բազմաթիվ քաջարի զինվորներից մեկն էլ 19-ամյա Աղասի Սաքանյանն է, ով Մարտակերտում հակառակորդի ահ ու սարսափ դարձած իր վաշտի հետ միասին թշնամուն տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ է պատճառել, արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի:

 

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ժամանակ բազմաթիվ քաջարի զինվորներից մեկն էլ 19-ամյա Աղասի Սաքանյանն է, ով Մարտակերտում հակառակորդի ահ ու սարսափ դարձած իր վաշտի հետ միասին թշնամուն տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ է պատճառել, արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի:

Ցավոք, զինվորը վնասվածք է ստացել գոտկատեղի, ողնաշարի հատվածում, սակայն սա իրեն չի ընկճում:

«Պատերազի ողջ ընթացքում ծնողներիս խոսքերն էի հիշում, հորդորը, որ զգույշ լինեմ, բայց ասեմ, ինձ համար կարևորը հայրենիքս էր, աչքիս ոչինչ չէր երևում։ Մտածում էինք պահել մեր հայրենիքի ամեն մի սանտիմետրը․ ոնց որ իմ տան համար կկռվեի, այդպես կռվել եմ ամեն սանտիմետրի համար։ Նախքան բանակ զորակոչվելը սպորտով էի զբաղվում, դահուկորդ էի, 2001-2002 թվականին մասնակցել եմ մրցումների և իմ տարիքային խմբում հաղթող եմ ճանաչվել, ու մտածում էի՝ զորացրվելուց հետո շարունակել, սակայն, ցավոք, չեմ կարող, առողջականս չի ներում՝ պատերազմի ժամանակ վիրավորվել եմ, բեկորը ողնաշարիս սկավառակների (դիսկերի) արանքում է, ու դեռ չեն վիրահատել»,- նշեց Աղասին։

Դիտարկմանը՝ բնականաբար, բոլորի մոտ եղել է վախ, իսկ ինչպե՞ս է կոնկրետ ինքը կարողացել հաղթահարել այն, Աղասին ասաց, որ վախ, իհարկե, եղել է, բայց ժամանակի ընթացքում անցել է:

 

 

«Փորձել ենք վախն ու ցավը հումորով հաղթահարել․ օրինակ, մի շատ դժվար պահ էր, ամեն կողմից հարվածում էին, մեր վաշտի հրամանատարին ասում եմ՝ կամանդիր, որ կռիվը պրծնի, թողնելո՞ւ ես թրաշ պահենք, ու դա՝ այն պահին, երբ հարձակվում էին։ Բոլորս փորձել ենք հույս տալ, ուշադիր լինել իրար հանդեպ: Թշնամու հարձակման ժամանակ տեսնում էինք՝ 300-400 հոգով են գալիս, նայում, ասում էինք՝ անհամար են, չենք հասցնելու բոլորի վերջը տալ, բայց Մարգարը ոգևորում էր  հայրենասիրական երգեր երգելով, համ կռվում էինք, համ երգում․ մի խառը վիճակ էր»,- անկեղծացավ Աղասին:

Հարցին՝ ի՞նչ է կարծում, ո՞րը եղավ մեր պարտության պատճառը՝ պատասխանեց.

«Թշնամին շատ արդիական զենքեր ուներ՝ հարձակումից առաջ շատ ծանր զենքեր էին օգտագործում, «Սմերչ», «ՏՕՍ», դե «Գրադն» արդեն սովորական էր մեզ համար, իսկ հետո նոր հարձակվում էին, ու սկսվում էր զենքի կռիվը, բայց որ մինչև վերջ կանգնեին մերոնք, չփախչեին, կարծում եմ՝ ավարտն այսպիսին չէր լինի։ Շատ վատ է, երբ մարդիկ զենքերը թողնում ու պատերազմի դաշտից գնում են: Պատերազմից հետո շատ բան փոխվեց ինձ մոտ: Մեր հայրենակիցները, ովքեր չեկան պատերազմին մասնակցելու, այ նրանց եմ սկսում մի քիչ ուրիշ ձև նայել, չեմ ընդունում նաև նրանց, ովքեր հնարավորություն ունեին գալու ու չեկան»։

Աղասին նշեց, որ ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է բիզնեսով զբաղվել, իսկ թե որ ոլորտում՝ փակագծերը չշտապեց բացել։