Մինաս Հովհաննիսյանն աշխատավարձից խնայած գումարով որոշել էր վերանորոգել իրենց տնակը, որտեղ ապրում էր մոր և երկու քույրերի հետ։ Սակայն 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից Մինասը թողնում է բոլոր գործերը և որպես կամավոր մեկնում Արցախ։
Պատերազմի ավարտից ամիսներ անց Գյումրիում գտնվող 215-152 տնակի վերանորոգումն այդպես էլ կիսատ է մնացել՝ Մինասը զոհվել է Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս։
Մեզ դիմավորում է Մինասի մայրը՝ Չերնուխինա Լուիզան, և միանգամից ուղեկցում դեպի Մինասին նվիրված անկյունը, որտեղ նա տեղադրել է որդու նկարները և զինվորական պատվոգրերը։ Այստեղ դրված է նաև Մինասի հեռախոսը, որը Լուիզային տվել են Մինասի զինակիցները։
Լուիզան բացում է որդու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հաշիվը և միացնում է տեսաուղերձը, որը Մինասը հրապարակել է Արցախ մեկնելուց առաջ։
«Ամենքս մենք ենք մեր ճակատագիրը տնօրինողը։ Կյանքը մի հատ վատմանի թուղթ է կամ շորից կտոր է, իսկ նկարիչը մենք ենք, մենք պետք է մեր ճակատագիրը նկարենք այնպես, ինչպես որ մենք ենք ցանկանում»,-ոգևորությամբ ասում է Մինասը տեսաուղերձում։ Լուիզայի ձեռքերը հուզմունքից սկսում են դողալ, աչքերն արցունքոտվում են։
24-ամյա Մինասը սեպտեմբերի 27-ին Գյումրիից մեկնում է Երևան, որտեղից նույն օրը «Արծիվ 30 Արարատ» մահապարտների ջոկատի կազմում որպես կամավոր մեկնում է առաջնագիծ։ Մարտակերտում մասնակցում է մարտական գործողություններին։ Այստեղ էլ հոկտեմբերի 6-ին հրետանային կրակից մահացու վիրավորում է ստանում։
«Մինասի զոհվելու օրը՝ գիշերը ուշ, տագնապի զգացողությունից զարթնել էի, ոնց որ մի բան զգայի, մայրական բնազդն էր, թե այլ բան՝ չգիտեմ, բայց ես հեռվից զգացել եմ որդուս մահը»,-ասում է Լուիզան։
Գրեթե երկու շաբաթ Լուիզան հստակ տեղեկություններ չի ունեցել։ Հոկտեմբերի 14-ին Մինասի մարմինը գտել են Մեծամորի դիահերձարանում և հուղարկավորել են նույն ամսվա 15-ին, Գյումրիի Շիրակ պանթեոնում։
Մինասի երկու կրտսեր քույրերը՝ Միլենան և Մարիան, եղբոր ծննդյան առիթով նամակ են գրել, որում խոսք են տալիս եղբոր հիշատակը միշտ վառ պահել։ Մինասը նոյեմբերի 5-ին կդառնար 25 տարեկան։ «Ճախրիր հավերժ երկնքում»,- գրված է նամակի մեջ։
Մինասի ընտանիքն արդեն երկար տարիներ ապրում է տնակում։ Մինչև զինվորական ծառայությանն անցնելը Մինասը 2010 թ.-ին մոր հետ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Երեք տարի Ռուսաստանում մնալուց հետո Մինասը վերադառնում է և անցնում է ժամկետային, այնուհետև պայմանագրային ծառայության։
Որոշ ժամանակ նա ծառայել է Արարատի մարզում։ Պատերազմից մի քանի ամիս առաջ թողել էր ծառայությունը, բայց հետո մտափոխվել էր և նորից որոշել էր պայմանագրային ծառայության անցնել։ Լուիզան ասում է, որ որդին մի քանի օրից պետք է պատասխան ստանար, թե որտեղ է անցնելու ծառայության, բայց մեկնեց Արցախ և այդպես էլ պատասխան չստացավ։
Լուիզան պահարանից զգուշորեն վերցնում է Մինասի պայուսակը և միջից հանում է ձեռագիր թղթերի տրցակն ու Մինասի հաստ նոթատետրը։ 2020-ի հուլիսին Մինասը սկսել էր գիրք գրել։
Մինասի ընտանիքն արդեն երկար տարիներ ապրում է տնակում։ Մինչև զինվորական ծառայությանն անցնելը Մինասը 2010 թ.-ին մոր հետ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Երեք տարի Ռուսաստանում մնալուց հետո Մինասը վերադառնում է և անցնում է ժամկետային, այնուհետև պայմանագրային ծառայության։
Որոշ ժամանակ նա ծառայել է Արարատի մարզում։ Պատերազմից մի քանի ամիս առաջ թողել էր ծառայությունը, բայց հետո մտափոխվել էր և նորից որոշել էր պայմանագրային ծառայության անցնել։ Լուիզան ասում է, որ որդին մի քանի օրից պետք է պատասխան ստանար, թե որտեղ է անցնելու ծառայության, բայց մեկնեց Արցախ և այդպես էլ պատասխան չստացավ։
Լուիզան պահարանից զգուշորեն վերցնում է Մինասի պայուսակը և միջից հանում է ձեռագիր թղթերի տրցակն ու Մինասի հաստ նոթատետրը։ 2020-ի հուլիսին Մինասը սկսել էր գիրք գրել։
«Իր սիրո, իր սիրած աղջկա մասին է, շատ էր գրում, Մինասս ուզում էր ավարտել գիրքն ու հրատարակել, նույնսիկ խոսել էր Քրիստինե Հալաջյանի (ամերիկահայ հայտնի բլոգեր - խմբ.) հետ և հրատարակելու հարցում օգնություն էր խնդրել»,-պատմում է Լուիզան։
Մինասի զոհվելուց հետո Քրիստինե Հալաջյանը դրամահավաքից ֆինանսական օգնություն է տրամադրել ընտանիքին տնակի վերանորոգումն ավարտելու համար և խոստացել է հրատարակել Մինասի գիրքը։ Լուիզայի խոսքով, գիրքը շուտով պատրաստ կլինի:
«Շատ եմ կարոտում որդուս, բայց ի՞նչ անեմ, պիտի իմ մեջ ուժ գտնեմ, որ ապրեմ իմ երկու աղջիկների համար»,-ասում է Լուիզան։ Միլենան ու Մարիան լուռ նստած են բազմոցին, լսում են մայրիկին, որը զգուշորեն շոյում է Մինասի նկարը։
Մինասի բանաստեղծություններից մեկը, հրապարակում ենք մոր թույլտվությամբ
Քո սերն է ցավոտ, ցավ տալիս սրտիս
Անձրեւի նման հիմա նա է լալիս։
Ամեն մի ձայն, ամեն մի զանգ ու նամակի ձայն, սիրտս է լցնում թրթիռով։
Դու մի լացիր, ուղղակի ժպտա
Ուղղակի երջանկացիր իմ նման խենթին հիշելով։
Նայիր մի պահ երկինք, կտեսնես հոգիս խաղաղ, որ վերեւից օրհնում է քեզ։
Ես այսպես ապրել չեմ կարող։ Երաժշտությունն անգամ, երգն անգամ, երակներումս քո անունն է հոսում։
Ու՞ր առնեմ գլուխս ասա՛։
Ես կարոտում եմ քեզ։
Սիրում եմ քեզ
Սիրում եմ ինձանից էլ շատ։
Տե՞ս, նորից կաթաց արցունքս, ողողում են մարմինս
Ողողում են ինձ աղով
Հոգու աղով։
Այն աղով որ դու տվեցիր ինձ
Ախ, ես ինչ անեմ
Որ պատովը ինձ խփեմ
Որ մի ծովին դարդերս պատմեմ
Որ մի մոլորակին։
Մեկ է՜ չեն հասկանա։
Վիշտը սրտիս անսահման է
Կարծես աշխարհն է գծել սահմանը
Ախ դու՜։ Դու՛, որ սեր նվիրեցիր ինձ։
Դու՛, այո հենց դու՛, իմ փոքրիկ աղջիկ։
Իմ Մարգարիտ Գայանե, միշտ ցնծա, միշտ երջանկացիր
Բայց ամենակարեւորը սիրի՛ր։
Սիրի՛ր, սիրի՛ր այնպես, կարծես երբեք սիրելուց չես եղել։
Սիրիր մի օր, ու կիմանաս, որ չես ապրել մինչեւ այսօր։
Աղբյուրը՝ hetq.am