Գոռի կյանքն ընդհատվեց պատերազմի ավարտի նախօրեին՝ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից . «բարձր մարդ» պիտի դառնար, բայց չհասցրեց բարձրանալ


Գոռի կյանքն ընդհատվեց պատերազմի ավարտի նախօրեին՝ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից . «բարձր մարդ» պիտի դառնար, բայց չհասցրեց բարձրանալ
Մարտ 15 21:52 2021

Ջիլիզա գյուղում ծնված և տեղի բնությամբ ոգեշնչված Գոռի երազանքը ցուցահանդես կազմակերպելը և սեփական նկարները հանրության դատին ներկայացնելն էր։ Նկարներն այսօր խնամքով փակցված են ցուցասրահում, իսկ դրանցով հիացողների աչքերում արցունքներ են նկատվում․ տխրության պատճառը մեկն է, նկարները կան, իսկ հեղինակը՝ ոչ։ Կենսուրախ, բարի և ընկերասեր Գոռի կյանքն ընդհատվեց պատերազմի ավարտի նախօրեին՝ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից, որը խլեց սեփական երազանքն իրականացած տեսնելու Գոռի հնարավորությունը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գոռի եղբայրը՝ Գևորգ Հակոբյանն ասաց, որ դպրոցական տարիներից Գոռը սիրել է նկարչություն․ «5-րդ դասարանից արդեն զգացվել է նկարչական ձիրքն իր մոտ։ Մասնագիտություն ընտրելու ժամանակ միանգամից ընտրեց նկարչությունը։ Ավարտել է Վանաձորի գծագրություն և կերպարվեստ բաժինը, ավարտել է գերազանցությամբ՝ կարմիր դիպլոմով»։

Ծառայությունից վերադառնալուց հետո Գոռն ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում պայմանագրային ծառայության է անցալ։ Հեշտությամբ կարողացել է համատեղել ծառայությունը և նկարչությունը։ Ավելին, Գոռի գրեթե բոլոր նկարները ստեղծվել են հենց ծառայության ընթացքում։

Գոռն էությամբ ուրախ էր, սիրում էր կատակել, լռում էր սեփական խնդիրների ու դժվարությունների մասին, բայց համբերատարությամբ լսում մտերիներին, հարկ եղած դեպքում օգնում ու հանգստացնում նրանց։

«Հումորը Գոռի կյանքում ուներ առանձնահատուկ դեր։ Մեր բարբառով ասած բառը ջեբը դրած էր»,-նշեց Գոռի եղբայրը։

«Լավ ընկեր է եղել։ Փոքրի հետ փոքր է եղել, մեծի հետ՝ մեծ։ Միշտ հումորով է եղել։ Գոռը միշտ ուզում էր ինչ-որ բարձունքի հասնել։ Միշտ կատակով ասում էր՝ ես շատ բարձր մարդ եմ լինելու։ Ամեն ինչին ուրիշ աչքով էր նայում»,-նշում է Գոռի ընկերներից Հովհաննեսը։

Գոռը կյանքի ողջ ընթացքում պահպանել է իր մարդ տեսակը։ Նրա համար մարդկային շփումներն ամենաթանկն ու մնայունն էին։ Այժմ էլ ընկերները փորձում են հետևել նրա օրինակին՝ ամենից վեր դասելով մարդկային որակները։

Ցուցասրահում՝ Գոռի ստեղծագործությունների կողքին տեղ գտած մարտական թերթիկները, պատվոգրերն ու շնորհակալագրերը հազարավոր բառերի փոխարեն են, բայց առաջին հերթին վկայում են մեկ բանի մասին՝ անողոք թշնամու անօդաչու սարքը խլեց լուսավոր ու բարի երիտասարդի կյանքը, որն արարելու իր բարձունքին դեռ չէր հասել։ Իր խոսքերով ասած, «բարձր մարդ» պիտի դառնար, բայց չհասցրեց բարձրանալ։ Հավերժ լռեց, որ իր փոխարեն բոլորիս խոսեցնի, բացակայեց՝ որ իր բացակայությունը մտերիմները փորձեն լրացնել իր արվեստով։