Հերոս «Մաեստրո Արամը» վերջին անգամ ասաց, որ չանհանգստանան, մի քանի օր չի զանգահարելու. մինչև այսօր ընտանիքը սպասում է նրա զանգին (տեսանյութ)


Հերոս «Մաեստրո Արամը» վերջին անգամ ասաց, որ չանհանգստանան, մի քանի օր չի զանգահարելու. մինչև այսօր ընտանիքը սպասում է նրա զանգին (տեսանյութ)
Մարտ 15 21:12 2021

Արցախյան պատերազմում իր կյանքը հայրենիքին նվիրեց նաև ժամկետային զինծառայող Արամ Խաչատրյանը կամ ինչպես զորամասում էր հայտնի «Մաեստրո Արամը»։ Նա բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 8-ին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արամի քույրը՝ Նուշիկ Խաչատրյանը:

«Եղբայրս դեռ փոքրուց սիրել է երգն ու երաժշտությունը: Դպրոցում նա միշտ աչքի է ընկել իր գեղեցիկ ձայնային տվյալներով: 10 տարեկանում Արամը ընդունվեց Սայաթ- Նովայի երաժշտական դպրոց: Արամը երգելուն զուգահեռ շատ է սիրել նաև նվագել քամանչա»,-ասաց հերոսի քույրը:

Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Արամը ընդունվել է Մանկավարժական համալսարան՝ գեղարվեստի բաժին, որտեղ 4 ամիս սովորելուց հետո մեկնեց բանակ. «Ծառայում էր Մատաղիսում։ Շատ հզոր ձայն ուներ։ Բանակում էլ, ինչպես որ դպրոցում աչքի ընկավ իր յուրահատուկ ձայնով, անունը Մաեստրո էին դրել»,- ընդգծեց Նուշիկը:

 

Արամը առաջին անգամ երգել է մայրիկի մասին երգ, որն էլ տպավորվել է վերջինիս հիշողության մեջ. «5-րդ դասարանում Արամը երգեց առաջին անգամ, «Ով հայոց մայրեր» երգը: Նա անմիջական էր շատ, հումորով: Երբեք Արամի հետ խնդիր չենք ունեցել»,-պատմում է հերոսի քույրը:

Նրա պատմելով՝ Արամը պատերազմի օրերին ոչնչից չի բողոքել, այնպես է արել, որ ընտանիքի անդամները չանհանգստանան իր համար. «Եղբայրս ոչնչից չէր բողոքում։ Հեռախոսազրույցի ընթացքում անընդհատ ձայներ էի լսում կրակոցների, պայթյունների, հարցնում էի՝ այդ ինչ ձայներ են, դու մո՞տ ես դիրքերին, ասում էր՝ ո՞վ ա տենց բան ասել ես դիրքերին մոտ չեմ, ով տենց բան կասի՝ մի՛ հավատա, մենք շատ լավ ենք, ամեն ինչ լավ ա»,- մեծ ցավով պատմում է Արամի քույրը։

Հերոսը պատերազմի ընթացքում եղել է տարբեր թեժ կետերում. «Եղբայրս 80 զինվորի իր հայրենասիրական երգով ճանապարհել է դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության: Նա եղել է Կարմիր Շուկայում, Մարտունի 2-ում, Մատաղիսում, Թալիշում, բայց վերջին անգամ եղել է Մատաղիսում։ Ինչքան զանգում էր տուն՝ մամային ասում էր՝ միշտ լավ կմնաք։ Վերջին օրը նույն բառերն ասաց՝ մի քանի օր չեմ զանգելու, չանհանգստանաս»,- խորը վշտով ասաց Արամի քույրը:

Ըստ հերոսի ընկերոջ խոսքերի՝ Արամը կարող էր դիրքեր չվերադառնալ, քանի որ վիրավոր էր և հոսպիտալում բուժում էր ստանում. «Ընկերս բժիշկներին ստել և ասել է, թե լավ է, որ գնա, հասնի իր ընկերներին: Մայրիկի հետ հեռախոսազանգի ընթացքում ասել է, թե լավ տղան, երբեք չի լքում իրեն վստահված դիրքը: Ու վերադարձավ դիրքեր, եղավ ընկերների կողքին: Մի օր էլ զանգահարել էր մայրիկին և ասել՝ դու իմ մասին դեռ կլսես. ես լավագույն դիրք պահողն եմ լինելու»,- պատմեց նրա ընկերը՝ Մուշեղ Գաբրիելյանը:

Արամը ընկավ ռազմի դաշտում, իր ամենաթանկը՝ կյանքը՝ նվիրելով հայրենիքին: Այդպես էլ Արամը չզանգահարեց տուն, տանեցիները մնացին՝ նրա զանգին սպասելով, իսկ ձայնին՝ կարոտ:

Զվարթ Պետրոսյան