«Իմ հայրենիքն է, եթե ես չգնամ՝ ո՞վ գնա». 22-ամյա կամավորական Վաչե Մուրադյանը զոհվեց սնարյադի հարվածից


«Իմ հայրենիքն է, եթե ես չգնամ՝ ո՞վ գնա». 22-ամյա կամավորական Վաչե Մուրադյանը զոհվեց սնարյադի հարվածից
Մարտ 12 20:20 2021

Իր որոշումներում հաստատակամ Վաչե Մուրադյանը այդպիսին է եղել նաև ռազմաճակատ մեկնելիս: Բանակից հունվարին զորացրված Վաչեն պատերազմի հենց առաջին օրերից էր կամավորագրվել և տեսնելով, որ չեն կանչում, հոկտեմբերի 4-ին ինքնակամ մեկնել էր Ջաբրայիլ, որտեղ և անցել էր նրա ծառայության երկու տարին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վաչեի մորաքրոջ աղջիկը՝ Ամալյա Ղազարյանը:

«Կամավորագրվելուց առաջ այցելել էր վիրավոր ընկերներին, որից հետո աչքերը տխրությամբ էին լցվել և հենց դրանից հետո որոշել էր, որ պետք է հայրենիքը պաշտպանի: Գնալուց առաջ ընտանիքի անդամները խնդրում էին, որ մի քանի օր էլ սպասի, բայց Վաչեի պատասխանը չէր փոխվում. «Մա՛մ ջան, ախր, եթե ես չգնամ ՝ էլ ո՞վ պետք ա գնա... Իմ հայրենիքն ա, իմ հողն ա, ախր հասկացե՛ք»... «Քուրս, դու էլ մի՛ նեղվիր, հետ եմ գալու...», «Տա՛տ, դու էլ էս խաչս քեզ մոտ պահի՛ր, որ հետ գամ կտաս ու մամայիս լավ կնայես»»,- հիշեց Ամալյան:

Վաչեն հարազատների հետ երեք օր շարունակ հեռախոսազրույցներ է ունեցել, որից հետո զանգերը դադարել են: Վերջին զանգն էլ մայրիկին է ուղղված եղել:

«Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մտածելու բան չկա: Վերջին զանգի ժամանակ մորաքրոջս ասել է, որ սպասենք իրեն, որովհետև անպայման վերադառնալու է»,- ցավով նշեց Ամալյան:

 

«Դեպքի օրը՝ հոկտեմբերի 8-ին, թաքստոցում են եղել ու տարեց կամավորներից մեկը ցանկացել է դուրս գալ, եղբայրս չի թողել ու ընկերոջ հետ ինքն է գնացել: Դուրս է եկել ու այդ պահին սնարյադը խփել է: Հարցրել են՝ վիրավոր կա՞, Վաչեն հազիվ լսելի ձայնով ասել է՝ «Ես եմ»»,- զինակից ընկերները հենց այսպես են պատմել հարազատներին:

Հենց ընկերներն են Վաչեի ընտանիքին դեպքի մասին հայտնել, քանի որ պետական օղակները լռել են:

Հարազատներն օրեր շարունակ փնտրել են Վաչեի անշնչացած մարմինը, գտնելուց հետո պարզել, որ անձնական տվյալները գրպանում են եղել:

Թեև Վաչեն 22 տարեկան էր, բայց հասուն ու կայացած էր: Ապագայի հետ կապված բազում նպատակներ ուներ: Սովորում էր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտություն բաժնում ու զուգահեռ աշխատում էր: 

Վաչե Մուրադյանը հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում:

Արփինե Հակոբյան