Ընդհանուր տնտեսական քաղաքականության անարդյունավետության դեպքում ցանկացած պարտք դառնում է ռիսկային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե կառավարության պարտքն այս տարվա վերջին կհասնի մոտ 8,5 մլրդ դոլարի, այսինքն՝ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։
«Դիտարկենք երկիրը որպես մեկ տնտեսական սուբյեկտ եւ դա պրոյեկտենք մեկ տնտեսական սուբյեկտի վրա․ ենթադրենք՝ տնտեսական սուբյեկտը պարտք է վերցրել, պարտքը վերցնելիս պետք է հաշվարկի՝ ինքն ի՞նչ աշխատանք, ի՞նչ արդյունավետությամբ պիտի դա անի, որ պարտքը հնարավոր լինի վերադարձնել։ Չի կարող տնտեսվարող սուբյեկտը պարտք վերցնել ու այդ գումարը ուղղել սպառմանը, աշխատողներին աշխատավարձ տալուն, ոչինչ չարտադրի, ոչինչ չստեղծի, հետո գնա մի ուրիշ տեղից ավելի մեծ պարտք վերցնի, որպեսզի նախորդ պարտքը մարի եւ մնացածը նորից ուղղի սպառմանը։ Նույնը՝ երկրի դեպքում․ եթե արդյունավետությունը հնարավոր լինի ապահովել, ցանկացած պարտք կարելի է սպասարկել։ Պարտքը պետք է լինի նպատակային, որտեղ է օգտագործվում, եթե զուտ սպառման համար, չեմ կարծում, որ դա ընդունելի է, եթե կոնկրետ ծրագրերին, որոնք հետո այնպիսի արդյունավետություն են ապահովելու, որ հնարավոր լինի այդ պարտքը թեկուզ իր մասով սպասարկել, ապա այդտեղ խնդիր չկա»,- ասաց նա։
Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ խնդիրն ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ է. «Այսինքն՝ զուտ պարտքի գոյությունը դեռեւս չի նշանակում, որ դա շատ վատ բան է։ Իհարկե, շատ լավ կլինի, որ պարտքը չլինի, լինենք ինքնաբավ։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հաշվարկում են, որովհետեւ եթե ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի տոկոսը փոքր է, նշանակում է ՀՆԱ-ն, այսինքն՝ նոր ստեղծված արդյունքը հնարավորություն է տալիս ոչ միայն այդ պարտքը սպասարկել, այլեւ մնացած ազատ միջոցները ուղղել տնտեսության զարգացմանը։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Որեւէ տնտեսական երեւույթի առանձին դիտարկումն առանց մյուսների՝ մասնագիտական տեսանյունից՝ սխալ է։ Միշտ պետք է դիտարկել համակցության, ընդհանուր համատեքստի մեջ՝ արդյունավետության, տնտեսվարողների շարժառիթների»։
Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ եթե տնտեսության անկման տեմպը եւս 2 ամիս շարունակվի, դրանից հետո դժվար է ասել, թե ինչ կարող է լինել. «Դրանից հետո դժվար կլինի հասկանալ, թե ինչպես կարելի է վերականգնել այդ ամենը։ Ինչ ազգային տնտեսության մասին կարող է խոսք լինել, եթե մեր ազգային, պետական շահերն այսօր վտանգված են»։