Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցով է հանդես ելել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների վերահսկման շուրջ ստացած առաջադրանքների կատարումը: Հրադադարի խախտումներ չեն գրանցվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ՝ արդեն վերադարձել է 52.058 մարդ» ,- ասել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալ Պերեպելկին:
Նա նշել է, որ հունվարի 29-ից մինչ այժմ ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի 9 ավտոշարասյունների անվտանգ անցումը խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հունվարի 30-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը իրականացրել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողների տարհանում Վանք բնակավայրից դեպի Մաղավուզ, որտեղ նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին:
Հունվարի 31-ին, Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Ստեփանակերտից 16 հայ ուխտավորների ուղեկցել է Դադիվանք և ետ:
Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը նաև խոսել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքներից:
«Ռուսական ինժեներական-ականազերծող խմբերի կողմից իրականացվում է տարածքներ մաքրում չպայթած զինամթերքներից: Մինչ այժմ ստուգվել է 973 շենք, ավելի քան 247 կմ ճանապարհ, մաքրվել է շուրջ 893 հա տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 950 պայթյունավտանգ առարկա»:
Նա նաև նշել է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակում են որոնել զոհված զինծառայողների մարմինները Հադրութի, Ջեբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում: