Արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և արցախյան վերջին պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանն ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում պատասխանել մի շարք հարցերի.
-Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Արցախում, ի՞նչ հոգեվիճակում են գտնվում մարդիկ:
-Պատերազմական գործողությունները իրենց զգալի հետևանքներն են թողել Արցախում ապրող ժողովրդի կյանքում, և ֆիզիկական և հոգեբանական առումներով։ Այսօր վերականգնողական մեծ աշխատանքներ են տարվում, կարելի է ասել ողջ Արցախը վերածվել է շինհրապարակի, ինչը միանշանակ դրական է ազդում հասարակության տրամադրությունների վրա։ Բացի վերականգնողական աշխատանքներից կառավարության կողմից իրականացվում են նաև սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք ևս այս շրջանում մեծ կարևորություն ունեն։ Հոգեվիճակի առումով բնական է, որ հասարակությունը դեռևս գտնվում է պատերազմական սինդրոմի հաղթահարման փուլում, ընդհանուր առմամբ կան բազմաթիվ հարցեր` անվտանգության, սոցիալական, քաղաքական, որոնց պատասխանները ակնկալում են ստանալ իշխանություններից, սակայն իրականում իշխանությունը չունի բոլոր հարցերի հստակ պատասխանները և դա բնական է, քանի որ կան գլոբալ աշխարհաքաղաքական շահեր և դժվար է հստակ կանխատեսել թե ինչ տեղի կունենա այդ շահերի բախման արդյունքում։ Այդ անորոշ վիճակում սկսում է զարգանալ մարդկանց երևակայությունը, իսկ ինչպես ասում են չկա ավելի սարսափելի բան, քան մարդկային երևակայությունը, շատ հաճախ այդ երևակայությանը նպաստում է նաև քաղաքական ընդդիմության կողմից շահադիտական նպատակներով շրջանառության մեջ դրված էքսցենտրիկ և դեստրուկտիվ թեզերը։
-Լուրեր էին պտտվում, որ Զինված ՈՒժերում ծառայողների կրճատման գործընթացներ են ծավալվելու Արցախում նոր իրողություններից հետո: Արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը:
-Բացի սոցիալական նշված ահռելի խնդիրներից Արցախում այս պահին խաղաղ կենսագոյատևման առաջին նախապայմանը անվտանգությունն է։ Իհարկե խաղաղապահների ներկայությունը անվտանգության որոշակի երաշխիքներ են ստեղծում, սակայն վերջիններս չունեն այնպիսի գործառույթներ, որոնք ունի ՊԲ-ն։ Ըստ շրջանառվող լուրերի շուտով հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախի տարածքից և արդեն տարբերակներ են մշակվում նոր անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ։
-Ինչպիսի՞ հոգեվիճակում են գտնվում զինծառայողներն ու հայկական բանակն ընդհանրապես:
-Գրեթե ամեն օր շփվում ենք զինծառայողների հետ, սուտ կլինի եթե ասեմ, թե մարտական ոգին նախկինի պես բարձր է և դա նաև բնական է, հաշվի առնելով պատերազմի ելքն ու արդյունքները, բոլորն էլ մարտական ընկերների են կորցրել, հրամանատարներ: Դժվար է միանգամից հաղթահարել այդ ցավն ու վիշտը, բայց նաև ճիշտ չի լինի, եթե ասեմ խիստ հուսահատված և բարոյալքված են։ Այսօր նրանք մարտական ծառայություն են իրականացնում շատ ավելի դժվար պայմաններում, ինչը արդեն վառ վկայությունն է նրանց մարտական ոգու և բարոյահոգեբանական վիճակի։
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: