Moderna-ի գլխավոր տնօրեն. SARS-CoV-2-ը ոչ մի տեղ չի գնա


Moderna-ի գլխավոր տնօրեն. SARS-CoV-2-ը ոչ մի տեղ չի գնա
Հունվար 14 23:25 2021

Կորոնավիրուսը կգոյատեւի «հավերժ», կարծում է Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծած Moderna ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, հայտնում է CNBC-ը:

Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները եւ վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետները հայտարարել են, թե մեծ հավանականություն կա, որ Covid-19-ը կդառնա էնդեմիկ հիվանդություն, ինչը նշանակում է, որ այն միշտ գոյություն կունենա, թեեւ, հավանաբար, ավելի ցածր մակարդակներում, քան հիմա է:

Ստեֆան Բանսելը, կարծես, համաձայն է այս հայտարարության հետ, նշելով, որ «SARS-CoV-2-ը ոչ մի տեղ չի գնա»: «Մենք կարծում ենք, որ այս վիրուսի հետ հավերժ կապրենք»,- ասել է նա JPMorgan Healthcare Conference-ի խորհրդաժողովում կայացած պանելային քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտի պատասխանատուները ստիպված կլինեն մշտապես հետեւել վիրուսի նոր տարբերակներին, որպեսզի գիտնականները կարողանան պատվաստանյութեր արտադրել դրանց դեմ պայքարելու համար:

Օհայոյի հետազոտողները չորեքշաբթի օրը հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսի երկու նոր տարբերակ, եւ որ մեկը արագ գերակշռող շտամ է դարձել Կոլումբուսում, դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին երեք շաբաթվա ընթացքում: Կորոնավիրուսի նոր մուտացիաներ են հայտնաբերվել նաեւ Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ Հարավային Աֆրիկայում։