Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մտնում ենք համավարակի երկրորդ տարի, եւ այն կարող է լինել նույնիսկ ավելի ծանր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դինամիկան եւ որոշ խնդիրներ, որոնք տեսնում ենք»,- հայտարարել է նա:
ԱՀԿ ներկայացուցիչը շեշտել է, որ վերջին 2 շաբաթում կազմակերպության ստացած տվյալները վկայում են, որ հիվանդացությունը «կրկին պիկի է հասել»:
Ռայանի խոսքով՝ Հյուսիսային կիսագնդում, հատկապես Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում դիտվում է «կատարյալ փոթորիկ»: Ինֆեկցիայի տարածման մեծացման գործոններ են դարձել ցրտերը, մարդկանց կուտակումները փակ տարածքներում, ինչպես նաեւ կորոնավիրուսի նոր շտամների շրջանառությունը, նշել է նա:
ԱՀԿ տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը անցել է 90 միլիոնից, մահացել է գրեթե 2 մլն մարդ: Անցած մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 546 016 նոր դեպք եւ 9 884 մահ:
2020 թվականի մարտի 11-ին կազմակերպությունը COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր հայտարարել: