Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ կարգադրել է Ֆիզուլիում կառուցել միջազգային օդանավակայան: Ալիևը բավականին ակտիվ է պատերազմի ընթացքում իր օկուպացրած արցախյան տարածքների, այսպես ասած, ենթակառուցվածքային կապիտալիզացիայի հարցում: Ակնառու է, որ այս իրավիճակը Հայաստանի համար քաղաքական և թերևս ռազմաքաղաքական նոր մարտահրավեր է կամ այլ որակի մարտահրավեր՝ անվտանգային ֆիզիկական խնդիրներից զատ:
Բանն այն է, որ օկուպացիան կապիտալիզացնելու այդ մարտավարությունը ոչ միայն տնտեսական պատերազմի տարր է, այլ ունի նաև Հայաստանի հետ դիվանագիտական-քաղաքական պայքարում դիրքային առավելության նպատակ: Բանն այն է, որ կապիտալիզացնելով իր օկուպացիան ենթակառուցվածքային միջավայրի՝ Ալիևը փորձում է այդպիսով, այսպես ասած, քաղաքացիական հակակշիռ ձևավորել Հայաստանի ու Արցախի դիվանագիտական-քաղաքական հարցադրումներին, որոնք վերաբերում են Արցախի տարածքների դեօկուպացիայի խնդրին և կարգավիճակի հարցին, որը ինքնին բխեցնելու է սահմանների հարց:
Ըստ էության, Ալիևը անում է այն, ինչ առաջին հաղթանակից հետո շատ անարդյունավետ է արել Հայաստանը, իսկ որոշ պարագաներում չի արել ընդհանրապես: Խոսքը արցախյան առաջին հաղթանակի քաղաքացիական, ենթակառուցվածքային, տնտեսական կապիտալիզացիայի մասին է, որը պետք է նոր իրավիճակ և նոր տրամաբանություն բերեր գործընթաց՝ հայկական իրավունքների նժարը ծանրացնելով: Մինչդեռ, դրա փոխարեն, տարիներ առաջ հայկական քաղաքական ղեկավարությունը ոգևորված նշում էր, որ ԵԱՀԿ փաստահավաք խումբը մոնիտորինգ է արել և չի արձանագրել ազատագրված տարածքների բնակեցում: Նաև արցախյան առաջին հաղթանակի տնտեսաքաղաքական կապիտալիզացիայի խիստ անբավարար մակարդակն ու այդ հանգամանքը պետական առաջնահերթություն և արցախյան հարցում կարևորագույն բաղադրիչ չդիտարկելն է պատճառը, որ այսօր այդ տարածքները ադրբեջանական օկուպացիայի ներքո են, իսկ դա էլ իր հերթին տեղի է ունեցել միջազգային ուժային կենտրոնների լռության ներքո:
Միևնույն ժամանակ, այսօր իհարկե մեզ համար շատ կարևոր է հասկանալ երեկվանից սկսած մինչև 1994 թվական բացթողումներն ու սխալները, սակայն դա անհրաժեշտ է միմիայն այսօրվանից՝ ամեն օրվանից սկսած այլևս բացթողում ու սխալ չանելու և նոր իրավիճակում, ռազմաքաղաքական և դիվանագիտական պայքարից բացի, նաև տնտեսաքաղաքական պայքարում մրցունակ լինելու համար: Հայաստանն այստեղ մնում է հետ, և սա լրջագույն խնդիր է: