Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի անձնակազմի բնակության համար նախատեսված առաջին բլոկ-մոդուլային ավանները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով խաղաղապահների ներկայացուցիչներից մեկին:
«Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական աջակցության մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում կառուցել են 2 բլոկ-մոդուլային ավան` Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի համար հարմարավետ, ժամանակակից կենցաղային պայմաններ ստեղծելու համար»,-լրագրողներին ասել է խաղաղապահների ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ 300 զինվորական արդեն հաստատվել է նման մոդուլներում, մեկ այլ այդպիսի ավան`60 հոգու համար, նախատեսվում է բնակեցնել հաջորդ տարվա հունվարի սկզբին` Բերդաշեն բնակավայրում:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են ամեն ինչով, ինչ հարկավոր է՝ էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, ջրահեռացման համակարգ, ջեռուցում և սանհանգույցներ: Զինվորականների համար տեղադրված են մահճակալներ, պահարաններ, խոհանոցի կահույք, սեղաններ, աթոռներ, սանհանգույց, էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ղարաբաղում տեղակայվել են զինվորականների համար առաջին բլոկ-մոդուլային ավանները

