Ավանեսյան Լիլիթն ու Լիանան հարազատ քույրեր են։ Պատերազմում կորցրել են ամուսիններին, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի իրենց տները և ժամանակավոր բնակվում են Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում՝ իրենց բարեկամի ամառանոցում։
Լիանայի ամուսինը՝ Մխիթար Հովհաննիսյանը, փոխգնդապետ էր։ Զինվորական գործով պայմանավորված՝ հաճախ էին տեղափոխվում Արցախի մի բնակավայրից մյուսը՝ բնակության համար։ Ապրել են Շուշի, Մարտունի, Հադրութ քաղաքներում։ Լիլիթի ամուսինը՝ Գերասիմ Հովհաննիսյանը, աշխատում էր «Արցախէներգո» ընկերությունում, պատերազմին կամավոր է մասնակցել, նրանք Քարին Տակում էին ապրում։
Մեր այցելության ժամանակ 9 հոգանոց ընտանիքը՝ Լիլիթը իր 3 երեխաների, Լիանան՝ 2 երեխաների հետ, Լիանայի սկեսուրը՝ Ռոմելան ու տեգրը՝ Գոռը, Արագյուղում էին։ Կանայք ու երեխաները սեպտեմբերի 27-ին լքել են հայրենի գյուղը։