Մաքրվել է 274 հա տարածք, 105 կմ ճանապարհ, վնասազերծվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ-ն պատմել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործընթացի մասին


Մաքրվել է 274 հա տարածք, 105 կմ ճանապարհ, վնասազերծվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ-ն պատմել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործընթացի մասին
Դեկտեմբեր 24 12:13 2020

Լեռնային Ղարաբաղում իրականացվող գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 270 հա տեղանք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 274 հա տեղանք, շուրջ 105 կիլոմետր ճանապարհ, 451 բնակելի շինության մերձակայք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա»,-ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ականազերծման և տարածքը պայթյունավտանգ իրերից մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատացող եղանակային պայմաններում:

«Հայտնաբերված պայթյունավտանգ իրերը և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված դաշտում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` ապահովելով բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։