ՀՀ Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը հրապարակում է կատարել Ացախում զոհված սերժանտ Ղազար Սարուխանյանի մասին:
«Սերժանտ Սարուխանյան Ղազար` սահմանապահ Կոթի գյուղից մեր 19֊ամյա հերոսը։ Բոլորը՝ հարազատները, ընկերները, ծառայակիցները Ղազարին հիշում են միշտ ժպիտը դեմքին։ Ղազարը գյուղի այն երիտասարդներից էր, որին չսիրելն անհնար էր՝ բոլոր համագյուղացիներն են ասում։
2019թ.֊ի ամռանը զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով Արցախի Մատաղիս գյուղում գտնվող N զորամասում։
Ղազարի մասին քույրը՝ Էլենը, մեծ հպարտությամբ է պատմում հերոս եղբոր մասին։
«Անսահման բարի, ընկերասեր, հոգատար, ընկածին օգնող, իր վերջին ունեցածը տվող անձնավորություն էր։ Նրան բոլորն էին սիրում ու հարգում, շրջապատի լույսն ու ուրախությունն էր։ Դպրոցում, աշխատանքի վայրում, ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր համեստությամբ, կարգապահությամբ ու պատասխանատվության զգացումով։ Թե՛ հրամանատարները, թե՛ ծառայակից ընկերները շատ էին սիրում Ղազարին։ Միշտ իրեն հատուկ ժպիտով էինք նրան տեսնում, նույնիսկ կռվի օրերին չէր դադարում ժպտալ։
Բազմիցս էին առաջարկել սերժանտի կոչում ստանալ, բայց չէր ցանկանում, միշտ հրաժարվում էր, սակայն մի քանի ամիս առաջ նույնիսկ իր հրաժարվելը չխանգարեց։
Ղազարին սերժանտի կոչում շնորհեցին ։ Միշտ գոհ էր ծառայությունից, ոչ մի բանից չէր բողոքում, չնայած բոլորս էլ գիտեինք, որ Մատաղիսի սահմանը վտանգավոր է։ Նա զոհվեց հանուն հայրենիքի, թեժ մարտերում ցուցաբերելով արիություն:»
Պարտական ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ․․․»,- ասված է հրապարակման մեջ: