Թուրքի հետ գոտեմարտի դուրս գալիս այնպիսի վճռականությամբ էի լցված, որ հաղթանակից բացի այլ ելք չունեի. Մալխաս Ամոյան


Թուրքի հետ գոտեմարտի դուրս գալիս այնպիսի վճռականությամբ էի լցված, որ հաղթանակից բացի այլ ելք չունեի. Մալխաս Ամոյան
Դեկտեմբեր 20 15:21 2020

Աշխարհի գավաթում թուրքի նկատմամբ տարածս հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմում զոհված, վիրավորված, կռված բոլոր զինվորներին: Շնորհակալություն նրանց կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու համար: Այս մասինNews.am sport-ին տված հարցազրույցում ասել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում  արծաթե մեդալ նվաճած Մալխաս Ամոյանը:

«Պատերազմից առաջ մտածելակերպս այլ էր, ես հանդիպում էի թուրք եւ ադրբեջանցի մրցակիցների   հետ ու գոտեմարտում, ինչպես այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Այո, միշտ էլ որոշակի առանձնահատուկ տրամադրվածություն եղել է այս երկու հարեւան երկրների ներկայացուցիչների նկատմամբ, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Թուրքի հետ գոտեմարտի դուրս գալիս այնպիսի տպավորություն էր, այնպիսի վճռականությամբ էի լցված, որ ես հաղթանակից բացի այլ ելք չունեմ: Այլ լուծումով չի կարող ավարտվել իմ կռիվը: Ես գիտակցում էի, որ ես ներկայացնում եմ իմ ազգին, ու սա իմ ազգի պատվի կռիվն է: Այն օրերը, որ ապրեցինք վերջին ամիսներին, ինձ պարտադրում էր  հաղթել մրցագորգում: Սա մեր զինվորիների հաղթանակն էր, մտածում էի, որ ես պետք է հաղթեմ մեր զինվորների, պատերազմում զոհված տղերքի համար: Երբ վերջում իմ ձեռքը բարձրացրին, ուրախացա: Հետո երբ տեսա, թե սոցցանցերում ինչպես են արձագանքել իմ հաղթանակին թուրքի նկատմամբ, կրկնապատիկ ուրախացա, ոգեշնչվեցի:  Սա իմ փոքրիկ շնորհակալությունն էր այս պատերազմում զոհված, կռված, վիրավորված յուրաքանչյուր զինվորին ու, երբ իմ ձեռքը բարձրացրին, ինքս ինձ ասացի, որ այս հաղթանակը նվիրում եմ նրանց»,- ասել է Ամոյանը: