«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 17-ից մասամբ վերացնում է Ադրբեջանից ՌԴ լոլիկի ներկրման ժամանակավոր սահմանափակումները՝ մատակարարման թույլտվություն շնորհելով 4 ձեռնարկությունների: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունից լոլիկ արտադրողների, ինչպես նաև ավելի վաղ տրամադրված նյութերի վերլուծության մասին ստացված հավելյալ տեղեկության ֆոնին՝ «Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ադրբեջանական գործակալության երաշխիքի ներքո դեկտեմբերի 17-ից թույլատրել լոլիկի ներկրումն Ադրբեջանից Ռուսաստանի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելել է լոլիկի և խնձորի ներկրումն Ադրբեջանից՝ պայմանավորված արտադրանքում ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ: Նախօրեին «Ռոսսելխոզնադզորը» թույլատրել էր լոլիկի ներկրումն ադրբեջանական ձեռնարկություններից մեկից: