Անիշխանության մթնոլորտ է տիրում մեր երկրում, պետական կառավարման համակարգը բարձիթողի վիճակում է, և բիզնեսը բացասական սպասումների մեջ է, որևէ ներդրում չի կատարվում, քանի որ գործարարները սպասում են տեսնեն, թե այս ամենն ինչով կհանգուցալուծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին:
Խոսելով թանկացումների մասին՝ նա նշեց, որ դրանք միայն պատերազմով չեն պայմանավորված, այլ մինչ այդ էլ տնտեսական կառավարման համակարգում ձախողումներ կային:
«Տեսնում եք, թե փոխարժեքի հետ ինչ է կատարվում, և թանկացումների հիմնական մասը փոխարժեքի տատանումների հետ է կապված: Սա բերելու է մարդկանց աղքատացմանը, քանի որ մարդիկ դրամով են ստանում իրենց աշխատավարձը, իսկ եթե նույն ապրանքը դրամով թանկացել է, խնդրի առաջ են կանգնում: Այսինքն, եթե ունենանք 15-20 տոկոս թանկացումներ, նշանակում է, որ այդքան տոկոսով մարդիկ կաղքատանան, ինչը ծանր է լինելու, առավելևս ձմռան հետ կապված`գազի, էլեկտրաէներգիայի վճարումները դեռ առջևում են»,– ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ սա նշանակում է նաև, որ բացասական սպասումների ֆոնը այնքան մեծ է, որ մարդիկ իրենց մոտ դրամ չեն պահում, քանի որ այն կարող է արագ արժեզրկվել: «Այնպես որ, այս ամենը դեռ պետք է հանգուցալուծվի, եթե չհանգուցալուծվեց կաթվածահար է լինելու ամբողջ տնտեսությունը»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։