Սահմանվել են էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը


Սահմանվել են էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը
Դեկտեմբեր 12 18:40 2020

Քայլեր են ձեռնարկվել Էլեկտրոնային առևտրի խթանման համար․

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշմամբ (https://www.e-gov.am/gov-decrees/item/35204/, նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից) ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։

Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Նշված որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, վերջիններիս միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, հստակեցվել են ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջներ և գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթներ:

Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ընդունվել է նաև ՀՀ կառավարության N1940-Ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/35170/, նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից)։

Որոշումն ուղղված է ապահովելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործընթացի շրջանակում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը։

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ փոփոխությունների արդյունքում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կնվազեցվեն ինչպես շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստները, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող, սակայն շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող տնտեսվարողներինը։ Այսպիսով՝ համախառն եկամտից բնական կորուստների չափերը կսահմանվեն ոչ թե ըստ բնագավառի, այլ՝ ըստ նյութերի։

Կարգավորման արդյունքում շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողների շրջանում կստեղծվեն հավասար և արդար տնտեսական գործունեության պայմաններ, իսկ նշված որոշման 1-ին մասով սահմանված ուղղություններով կկիրառվի ավելի համադրելի մոտեցում։