Չթողեցին ինձ կրակի տակ, զինվորներս փրկեցին կյանքս. կապիտան Մնացականյանը վիրավորվել է զոհված ընկերոջը դուրս բերելիս


Չթողեցին ինձ կրակի տակ, զինվորներս փրկեցին կյանքս. կապիտան Մնացականյանը վիրավորվել է զոհված ընկերոջը դուրս բերելիս
Դեկտեմբեր 12 11:08 2020

Արցախի հարավային շրջանների պաշտպանության ժամանակ բեկորային ծանր վիրավորում ստացած 27–ամյա կապիտան Տիգրան Մնացականյանը արդեն 40 օր է բուժում է ստանում  «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում»։ Չորս վիրահատություն տարած սպային առաջիկայում դարձյալ կվիրահատեն։ N զորամասի վաշտի հրամանատար Տիգրան Մնացականյանը նախքան պատերազմական գործողությունները ծառայություն է իրականացրել Նախիջևանի հետ սահմանին, իսկ հոկտեմբերի 5–ից մասնակցել է Ջրականի, ապա նաև Կուբաթլուի և Խնձորեսկի պաշտպանությանը։ Տիգրան Մնացականյանը վիրավորվել է հոկտեմբերի 29–ին հակառակորդի հրետակոծության ժամանակ՝ զոհված ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս։

«Հրետանու հարվածից արդեն գիտեինք՝ որ արկը որ ուղղությամբ է ընկնելու։ Պայթյունի ձայն լսեցի, ընկերոջս՝ Արտակին ասացի սա մեր փայն ա, պառկի... Արկն ինձնից երեք մետր ձախ ընկավ, բեկորից ոտքս վիրավորվեց»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Տիգրանը։

Վիրավոր սպային մարտադաշտից դուրս են բերել և առաջին բուժօգնություն ցուցաբերել իր զինվորները։

«Տղաները գոռում էին Մնացականյանը վիրավոր է։ Ես հպարտ եմ, որ նման ստորաբաժանում ունեմ, նվիրված զինվորներ, որոնք ինձ չեն թողել կրակի տակ, չորս հոգով արագ տեղափոխել են խրամաբջիջ, հրետանային կրակի տակ հացի մեքենայով ինձ ու զոհված ընկերոջս՝ Արտակին դուրս են բերել մարտադաշտից։ Սկզբում տեղափոխել են Խնձորեսկի հոսպիտալ, հետո Գորիսի հիվանդանոց։ Ընկերներս կարծել էին, թե ոտքից եմ վիրավոր, հետո պարզվեց, որ որովայնից մինչև սիրտս հասել էր...»,– ասաց նա։

Մնացականյանի ղեկավարած ստորաբաժանումից պատերազմի ընթացքում զոհվել է 9 զինծառայող։

 «Ինձ համար ամենացավալին այն է, որ նրանցից 6–ը մարտի դաշտ չհասան, չհասցրին իրենց գործողությունները կատարել»,–ափսոսանքով նշեց սպան։

Զինվորականը, պատմելով պատերազմի ընթացքում իր և զինվորների գործած սխրանքներն ու հիշելով հրաշքով ողջ մնալու տասնյակ դրվագներ, ցույց տվեց մահճակալից կախված փայտե խաչը, որը նախքան ռազմաճակատ մեկնելը, իրեն էր նվիրել հոգևորականներից մեկը։

«Ամեն լուսաբաց տարեց մի կամավորի հետ աղոթում էինք։ Հենց լույսը բացվում էր՝ ասում էինք, փառք Աստծուն, այս գիշերն էլ լուսացավ, ողջ մնացինք։ Շնորհակալ եմ Աստծուն, իրոք որ լավ եմ պրծել»,–ասաց նա։

 Տիգրանը պատերազմի ժամանակ հասցրել է ընկերանալ երիտասարդ կամավորական Արսեն Կարապետյանի հետ, որը մեկ վայրկյան անգամ չի մտածել մարտադաշտը թողնելու և զորքին լքելու մասին։ 22–ամյա կամավորը Տիգրանի ղեկավարած ստորաբաժանման կազմում մասնակցել է պաշտպանական մի շարք գործողությունների, շրջափակումից ազատել մարտական ընկերներին, մարտադաշտից կարևոր զինտեխնիկաներ դուրս բերել։

Այս պատերազմում, որն առաջինն էր Տիգրանի համար, եղել են նաև հիասթափություններ։

 «Իմ ողջ գիտակից կյանքում երբեք չեմ մտածել, որ մի օր հայ տղային, այն էլ զինվորական համազգեստ կրող, թիկունքից կտեսնեմ»,–ասաց նա՝ նկատի ունենալով մարտադաշտը լքած զինվորականներին։

«Այսօր յուրաքանչյուր հայ տղամարդ նախևառաջ պարտավոր է իր ընտանիքը պաշտպանել։ Այս պատերազմում ես գիտակցել եմ, որ իմ ընտանիքը պաշտպանության կարիք ունի և գնացել եմ մարտի։ Կապ չունի թշնամին Ջրականի հատվածում է եղել, թե Հադրութում, թե այլ տեղ։ Այսօր թուրքը Հադրութն է վերցրել, վաղն էլ կարող է իմ գյուղի մոտ լինել։ Ես այդ գաղափարով գնացել եմ կռիվ ու նույնը սերմանել եմ իմ անձնակազմին... Որը գիտակցել է, որը՝ ոչ... Իսկ որպես սպա մի բան կասեմ. յուրաքանչյուր սպա պարտավոր է պաշտպանել իր երկիրը։ Եթե նա կրում է զինվորական համազգեստ, անցած ուղի ունի, ջոկի, թե վաշտի հրամանատար կլինի, կապ չունի, նա պարտավոր է լինել իր անձնակազմի գլխին՝ մանավանդ պատերազմական իրավիճակում, երբ պետությունն ամենաշատն իր կարիքն ունի, երբ պետությունը տարիներով քեզ վարձատրել է, համազգեստ տվել, տարատեսակ արտոնություններ տվել։ Եթե քո գործը երկրի պաշտպանություն իրականացնելն է, սակայն դու չես ուզում քո գործն անել, ուրեմն ինչի համար ես դու ընդհանրապես ապրում, ինչի համար ես այս համակարգում»,–ասաց նա։

Տիգրանը հույս հայտնեց, որ այս պատերազմը դաս կլինի կառավարության, պաշտպանության ոլորտի պատասխանատուների համար, որպեսզի վերլուծեն թույլ տված բացթողումները, կարգավորեն անձնակազմի, սպաների բարոյահոգաբանական վիճակի հետ կապված հարցերը։

Զինվորականը նկատեց, որ այսօր ավելի քան երբևէ պետությունն ունի երկրի ու պաշտպանության արժեքն իմացող զինվորականների կարիքը։

«Մենք շրջապատված ենք թշնամական երկրներով և ամեն պահի նոր պատերազմ սկսելու վտանգը կախված է։ Ցավոք, այսօր զինվորական համազգեստի պատիվը գցել են, պատերազմող երկրում դա անթույլատրելի է։ Զինվորականի մասնագիտությունը պետք է պատիվ լինի, սպան պետք է գնահատված լինի, որ զինվորական դառնալ ցանկացողները շատ լինեն»,–ասաց նա։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, պատերազմի մասնակիցն առաջարկում է համախմվել։

«Պետք է մեզ թափ տանք, հզորանանք, համախմբենք։ Այսօր ամենաշատը մեզ համախմբվել է պետք, որպեսզի նայենք առաջ, հետ բերենք կորցրածն ու պահենք մեր արժանապատվությունը»։