ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․
«Դեկտեմբերի 9-ին տեսակապի միջոցով անցկացվել է Հայաստան-Չիլի կլոր սեղան՝ «Արտահանում և օտարերկրյա ներդրումների խթանում» թեմայով։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի, Չիլիի «ProChile» և «InvestChile» գործակալությունների ներկայացուցիչները։
Կլոր սեղանի մասնակիցներին փոխանցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսի ողջույնի խոսքերը։
Վարոս Սիմոնյանի ողջույնի խոսքում մասնավորապես նշվել է, որ Հայաստանը և Չիլին ունեն զգալի ներուժ և չօգտագործվող լայն հնարավորություններ տնտեսական հարաբերությունների զարգացման և դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար։
Նաև ասվել է, որ արտաքին առևտրի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը և արտահանման խթանումը, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենան ինչպես երկու երկրների տնտեսությունների հետագա զարգացման, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության խորացման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Հատուկ կարևորվել է նմանատիպ միջոցառումների անցկացումը տնտեսական, առևտրային և ներդրումային նոր հնարավորությունների համար։
Ռոդրիգո Յանյեսի ողջույնի խոսքում նույնպես կարևորվել է Հայաստան-Չիլի կլոր սեղանի անցկացումը։ Ուղերձում մասնավորապես նշվել է, որ առևտուրը կարող է միավորել շատ տարբեր երկրների, ընդգծվել է, որ Չիլին շարունակաբար ընդլայնում է իր փոխգործակցությունը և կան լայն հնարավորություններ ընդլայնելու համագործակցությունը արտահանման և ներմուծման, գործարարների միջև նոր կապերի հաստատման համար, ինչը թույլ կտա բացել նոր հորիզոններ առևտրի և ներդրումների բնագավառներում։
Կլոր սեղանի ընթացքում Ներդրումների աջակցման կենտրոնի և Չիլիի Հանրապետության «ProChile» ու «InvestChile» գործակալությունների ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը։
Այնուհետև միջոցառման մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ վարվող քաղաքականության, հայկական և չիլիական համապատասխան կազմակերպությունների վերաբերյալ, հստակեցրել տնտեսական համագործակցության շրջանակը և ուղղությունները։
Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվորվել են արդյունավետ օգտագործել համապատասխան կառույցների ներուժը, քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և «ProChile» ու «InvestChile» գործակալությունների միջև համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման հարցը, համատեղ առցանց գործարար ծրագրերի իրականացման, ինչպես նաև համավարակի շրջանում հայ և չիլիացի գործարարների միջև փոխգործակցության հնարավորությունները»: