Ռուս խաղաղապահները հույս ունեն, որ իրենց մասնակցությամբ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կավարտվեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող երկու հիվանդանոցների վերականգնումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ խաղաղապահ գործողությունների ղեկավարման կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մարտունու շրջանի հիվանդանոցը կվերականգնվի 2 շաբաթվա ընթացքում, հիմնականում ապակիներն են կոտրվել բեկորներից: Մարտակերտի հիվանդանոցում նոր-նոր են սկսվել նորոգումները: Այնտեղ ապակիները մի փոքր ավելի շատ են կոտրվել, հիվանդանոցի շենքը չի վնասվել: Կրող կառույցները չեն վնասվել, խնդիրը կրկին ապակիների հետ է: Այնտեղ վնասված տարածքը մի փոքր ավելի մեծ է, համապատասխանաբար, մեզ երեք շաբաթ ժամանակ է պետք»,-ասել է Դեմիդովիչը:
Ինչպես հայտարարել է խաղաղապահը, ԼՂՀ-ում հիվանդանոցների վերականգնման համար անհրաժեշտ նյութերի և այլ միջոցների առաքման հետ կապված խնդիրներ չկան:
«Բավական քանակությամբ մասնագետներ և տեխնիկա կա: Մենք նաև շատ լավ փոխըմբռնում ունենք տեղական իշխանությունների հետ»,- ավելացրել է Դեմիդովիչը:
Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերն ակտիվորեն համագործակցում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ և շուտով նախատեսում են սկսել համատեղ նախագիծ ՝ շտապօգնության սենյակները վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։