19-ամյա Վրեժի մի աչքը հեռացրել են, մյուսը չի տեսնում. նրան փոխպատվաստման վիրահատություն է հարկավոր արտերկրում (լուսանկարներ)


19-ամյա Վրեժի մի աչքը հեռացրել են, մյուսը չի տեսնում. նրան փոխպատվաստման վիրահատություն է հարկավոր արտերկրում (լուսանկարներ)
Դեկտեմբեր 6 18:20 2020

Արարատի մարզի  Զանգակատուն գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Վրեժ Բադալյանը առաջին անգամ վիրավորվել է նոյեմբերի 5-ին:  5 օր հետո, երբ այլեւս չի կարողացել դիմանալ ցավերին, նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, եւ ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Այստեղ էլ երկրորդ անգամ է վիրավորում ստացել Վրեժը` կորցնելով տեսողությունը:

«Մեքենային որ ԱԹՍ-ն հարվածել է, տղաս գլխի շրջանում է բազմաթիվ վնասվածքներ ստացել, մի աչքը հեռացրել են, մեկն էլ չի տեսնում: Գլխի պլաստիկ վիրահատություն է տարել, մեկն էլ նոր պետք է իրականացվի: 22 օր անգիտակից վիճակում է եղել, կոմայի մեջ, հրաշքով է փրկվել: Առաջին վիրավորումից թոքն էր վնասվել, ուսի կոտրվածք ունի, բայց հիմնական խնդիրը տեսողությունն է, որը չի վերականգվի եւ ես պատրաստ եմ դոնոր դառնալ, իմ մի աչքը կտամ իմ տղային,միայն թե նա տեսնի: Նման փոխպատվաստման վիրահատություն հնարավոր է միայն ՌԴ-ում, կամ Գերմանիայում, Հայաստանում չի կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա մայրը` Լիլիթը:

Վրեժը նաեւ քայլելու հետ կապված խնդիրներ ունի:

Լիլիթը պատմեց, որ իրենք այժմ վարձով Երեւանում են ապրում, որդու առողջական խնդիրները լուծելու նպատակով:

«Ճիշտ է բոլոր բուժումներն անվճար է իրականացվում, սակայն դեղեր գնելը մեզ վրա է: Դեռ հաշմանդամության կարգի համար չենք դիմել, բժիշկն ասում է առաջին կարգ կտան»,-ասաց նա:

Վրեժ Բադալյանին օգնելու համար կարող եք ընտանիքի հետ կապվել հետեւյալ հեռախոսահամարով` 094352128 Լիլիթ: